Ճապոնական կարկանդակներ «Նիկուման»

Ճապոնացիները «Նիկուման»՝ «肉まん» (նիկու՝ միս, մանձու՝ չինական կարկանդակ), են անվանում չինական «բոացզի (包子)» կարկանդակի ճապոնական տարբերակը: Այն իրենից ներկայացնում է խմորիչով պատրաստված խմորից լցոնած կարկանդակ՝ եփված գոլորշու վրա:

Նիկումանին բնորոշ ավանդական լցոնը պատրաստվում է խոզի մսով, կաղամբով, կոճապղպեղով ու սխտորով: Սակայն գոյություն ունեն լցոնի բազում այլ բաղադրատոմսեր, որոնք համային բազմազանություն են հաղորդում այս հետաքրքիր կարկանդակին:

Ճապոնիայում տարբեր փառատոների ժամանակ նիկումանը պատրաստվում ու վաճառվում է փողոցներում՝ որպես արագ սնունդ:

Ճապոնական այս կարկանդակների ավանդական տարբերակի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ալյուր – 300 գ

խմորիչ – 1 թ. գ

փխրեցուցիչ – 1 թ. գ

շաքարավազ – 2 թ. գ

աղ – 0.5 թ. գ

ջուր – 160-170 մլ

քունջութի կամ արևածաղկի բուսայուղ – 2 ճ. գ

սունկ՝ ցանկացած տեսակի – 150 գ

կաղամբ – 100 գ

խոզի ոչ շատ յուղոտ միս – 500 գ

կանաչ սոխ – 2-3 հատ

քերած կոճապղպեղ – 1 թ. գ

սխտոր – 1 պճեղ

սոյայի թանձրուկ – 1 ճ. գ

սակե (բրնձի կամ ածիկի օղի) կամ ցանկացած օղի – 1 թ. գ

օսլա – 1 թ. գ:

Նիկուման պատրաստելու եղանակն է.

ալյուրով, փխրեցուցիչով, խմորիչով, 1 թ. գ շաքարավազով, 1 ճ. գ բուսայուղով, ¼ թ. գ աղով ու ջրով միջին փափկության խմոր պատրաստել, հունցել 10-15 րոպե և 1.5-2 ժամ թողնել որևէ տաք տեղում, որ հասունանա:

Կաղամբը խորանարդաձև շատ մանր կտրտել, վրան լցնել մնացած աղը և ձեռքով լավ տրորել, որպեսզի հնարավորինս շատ հյութ առաջանա:

Խոզի աղացած մսին ավելացնել քերած կոճապղպեղը, ճզմած սխտորը, մանր կտրտած կանաչ սոխն ու սունկը, հյութաքամած կաղամբը, սոյայի թանձրուկը, մնացած բուսայուղը, օղին և օսլան: Լավ հունցել և թողնել մի քիչ հանգստանա:

Հասունացած խմորը բաժանել 12 գնդիկների, մոտավորապես 12-15 սմ տրամագով շրջանաձև գրտնակել:

Խոզի մսով պատրաստված լցոնը ևս բաժանել 12 հավասար մասի և գդալով լցնել յուրաքանչյուր գրտնակած խմորի մեջտեղը: Խմորի եզրերը ծալքերով հավաքել, թեթևակի ոլորել և կրկին թողնել 15 րոպե՝ հասունանա:

Յուղաթղթից 12 քառակուսի կտրել՝ նիկումանի տրամագծից մի քիչ մեծ չափով:

Գոլորշաեփի ցանցի վրա՝ իրարից որոշակի հեռավորության վրա, դասավորել յուղաթղթերը՝ վրաները շարելով նիկումանները:

Առանց կափարիչը բացելու 15-20 րոպե եփել գոլորշու վրա:

Մատուցել տաք վիճակում:

1 նիկումանը պատրաստի վիճակում պետք է կշռի 120-200 գ. և ունենա 4-5 սմ բարձրություն: