Սառցե ներկերով նկարչություն

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան են սիրում նկարել երեխաները։ Այս ժամանցի միջոցով նրանք ձեռք են բերում նաև նոր հմտություններ, զարգացնում մանր մոտորիկան, ձևավորում գեղագիտական ճաշակ։

Ամառվա տապին կարելի է սովորական ներկերը փոխարինել սառցե ներկերով։ Այս նորարարությունն, անկասկած, շատ կհետաքրքրի երեխաներին։ Երեխաները հաճույքով կհետևեն սառույցի հալման գործընթացին, ձեռք կբերեն նոր շոշափողական հմտություններ։

Նկարչության այս տեսակը կարելի է կիրառել նաև որպես արտթերապիա։

Սառցե ներկերով նկարչության համար հարկավոր է սկզբում պատրաստել ներկերը։

Սառցե ներկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր

սառույցի համար նախատեսված կաղապար

ներկեր (ջրաներկ, գուաշ, սննդային ներկեր)

փայտիկներ կամ խմելու ձողիկներ։

Սառցե ներկերի պատրաստման եղանակն է․

փոքրիկ տարրաների մեջ լցնել տարբեր գույնի ներկեր, ավելացնել ջուր (եռացրած ջրի դեպքում սառույցներն ավելի պարզ ու թափանցիկ երանգներ են ունենում) և լավ խառնել, որ ներկերն ամբողջությամբ լուծվեն ջրում։

Սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ առանձին-առանձին լցնել գունային լուծույթը և յուրաքանչյուրի մեջ դնել մեկական փայտիկ կամ նախապես 3-4 մասի բաժանած ձողիկի մի կտոր։

Կաղապարը սառեցնել սառցախցիկում 3 ժամ։

Սառցե ներկերը հանել կաղապարներից և փայտիկից բռելով՝ նկարել։

Նկարները չորացնելուց հետո կարելի է օգտագործել որպես նվերի փաթեթավորման թուղթ կամ պատրաստել գեղեցիկ բացիկներ։