Տնային պայմաններում մայոնեզ պատրաստելու առանձնահատկությունները

Տնային պայմաններում շատ արագ ու դյուրին կարելի է մայոնեզ պատրաստել, որը չի պարունակում վնասակար սննդային հավելումներ ու ավելի համեղ է։

Անկախ բաղադրատոմսից՝ մայոնեզի բոլոր տեսակններն ունեն պատրաստման ընդհանուր առանձնահատկություններ։

1․ բլենդերի բացակայության դեպքում մայոնեզը կարելի է հարել հարիչով կամ ձեռքով։ Այս դեպքում հարկավոր է հիշել, որ բուսայուղը պետք է ավելացնել շատ փոքր չափաբաժիններով՝ 0,5 թ․ գ՝ շատ դանդաղ ու բարակ ցողով, ապա լավ հարել, մինչև զանգվածը դառնա միասեռ։ Դրանից հետո միայն ավելացնել բուսայուղի հաջորդ չափաբաժինը։

2․ Բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանում (ցանկալի է սենյակային)։

3․ Եթե պատրաստելիս մայոնեզը շատ թանձր է ստացվել, ապա կարելի է մի քիչ եռացրած սառեցրած կաթ կամ ջուր խառնել ու կրկին հարել։ Պատրատելիս հարկավոր է հիշել․ որքան շատ է բուսայուղը, այնքան թանձր է ստացվում մայոնեզը։

4․ Հարիչով կամ ձեռքով հարելու դեպքում, եթե բաղադրության մեջ կա շաքարավազ, ապա այն կարելի է փոխարինել շաքարի փոշով։

5․ Մայոնեզի բաղադրության ողջ բուսայուղը ձիթայուղով փոխարինելու դեպքում այն դառնահամ կստացվի, ուստի սառը մամլմամբ ստացված ձիթայուղով (extra virgin olive oil) կարելի է փոխարինել բուսայուղի մինչև 30% -ն՝ ըստ ճաշակի։ Բուսայուղի հետ ձիթայուղի համադրման դեպքում սկզբում հարկավոր է օգտագործել բուսայուղի ողջ չափաքանակը, ապա ավելացնել ձիթայուղը։

5․ Մայոնեզի հիմնական բաղադրիչներ չհանդիսացող համային հավելումները՝ ձիթապտուղ, կանաչի,պանիր, տոմատի մածուկ և այլն, ցանկալի է ավելացնել միայն վերջում։

6․ Մայոնեզն ավելի արագ ու ախորժելի տեսքով է ստացվում, երբ պատրաստվում է ամբողջությամբ ընկղմված բլենդերով՝ ընդամենը 30-40 վայրկյանում։

7․ Տնական ձվով պատրաստված մայոնեզն դեղինի ավելի մուգ ու հագեցած գունային երանգ է ունենում, քան խանութից գնված ձվով պատրաստվածը։

8․ Տնային պայմաններում պատրաստված մայոնեզի պահպանման ժամկետը կազմում է 3-7 օր՝ սառնարանային պայմաններում, ուստի խորհուրդ է տրվում պատրաստել այնքան, որքան պետք է այդ պահին օգտագործելու համար։

9․ Եթե բուսայուղի ու ձվի զանգվածն անմիջապես չի սկսում համասեռ դառնալ, ուրեմն բաղադրիչներից մեկը համեմատաբար սառն է։ Հարկավոր է պատրաստման գործընթացը հետաձգել մոտ 10 րոպեով, որպեսզի ջերմաստիճանները հավասարվեն, ապա հարել բլենդերով 10-15 վայրկյան։ Դրանից հետո ամեն ինչ կարգին կլինի։