Вы просматриваете: Главная > ՏԵՍԱԴԱՐԱՆ, ՖԻԼՄԵՐ > 01-99

01-99

1959թ․-ի սեպտեմբերի 26-ին էկրան բարձրացած «Հայֆիլմ»-ում նկարահանված այս կարճամետրաժ կատակերգությունը հանդիսանում է հայ կինոյի անզուգական գոհարներից մեկը։

01-99» ֆիլմում իրադարձությունները զարգանում են գլխավոր հերոսի՝ Գարսևանի շուրջը, ում կիսասթափ վիճակում արտաբերած արտահայտությունը ստեղծում է իսկական խառնաշփոթ , որի հիման վրա էլ ձևավորվում է ողջ ֆիլմի սցենարը։

Ֆիլմի տևողությունը 22 րոպե է՝ տեսաժապավենի 597 մ երկարությամբ։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ամասի Մարտիրոսյանը, ում կողմից «01-99»-ը վերջին նկարահանած ֆիլմն էր։

Սցենարի հեղինակները՝ իրանահայ արձակագիր Հայկ Վարդանյանն ու անվանի դերասան Զարեհ Տեր-Կարապետյանը, բեմադրող օպերատորը՝  Նորայր Սիմոնյանը, բեմադրող նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը, կոմպոզիտորը՝ Ղազարոս Սարյանը, հնչյունային օպերատորը՝ Շ․ Գրիգորյանը, խմբագիրը՝ Սաբիր Ռիզաևը, իսկ տնօրենը՝ Կ․ Հովհաննիսյանը։

Գլխավոր հերոսի՝ Գարսևանի դերակատարն է Մհեր Մկրտչյանը, ում առաջին գլխավոր դերն էր կինոյում։

Պետրոսին մարմնավորել է Մուրադ Կոստանյանը, Պողոսին՝ Արման Կոթիկյանը, Ալիկին՝ Անատոլի Թորգոմյանը, Արթիկին՝ Լիլիա Հովհաննիսյանը, Աշոտին՝ Գևորգ Չեպչյանը, Ամալյային՝ Ջեմա Սարիբեկյանը, լեյտենանտին՝ Ավետիք Ջրաղացպանյանը, ավագին՝ Թափուլ Դիլաքյանը, Սեթոյին՝ Հարություն Հայրապետյանը, գնորդին՝ Արամ Ամիրբեկյանը, ֆուտբոլիստին՝ Մայիս Կարագյոզյանը։

 Դրվագում հանդես է եկել նաև Զարեհ Տեր-Կարապետյանը։ Սցենարը գրելիս նրան հանձնարարել էին դեր գրել նաև իր համար։ Նա էլ համեստաբար իր համար գրել էր ֆուտբոլային թիմի աշխատակցի դերը, ով խաղից րոպեներ առաջ հայտնվում է միլիցիայում, որ տանի մեքենայի վարորդ-ֆուտբոլիստին։

Ֆիլմի նկարահանումներին երբեմն ներկա գտնվող Գայանե Մարտիրոսյանը՝ Ամասի Մարտիրոսյանի թոռնուհին, հիշում է․«9-10 տարեկան երեխա էի, պապս` Ամասի Մարտիրոսյանը, ինձ իր հետ նկարահանումների էր տանում: Աչքիս առաջ է՝ ինչպես նա և Ֆրունզիկ Մկրտչյանը ուրվագծում էին իրավիճակները, մշակում երկխոսությունները, խաղում դրվագները։ Մեղվի ժրաջանությամբ աշխատում էին բոլորը: Ու էնքան ջերմ էին իրար հանդեպ՝ թվում էր` համերաշխ ընտանիք են. կանայք կերակուր էին պատրաստում, լվացք անում: Ու բոլորի ուշքումիտքը մեկն էր` օգնել, որ լավ ֆիլմ ստացվի»:

Այս ֆիլմը նկարահանվել է ոստիկանության պատվերով և ուներ քարոզչական նպատակ՝ արկոհոլի ու դրա հետևանքների մասին, որը ֆիլմի վերջում հնչում է Գարսևանի համագյուղացու՝ Սեթոյի շուրթերով․«Բա որ ասում էի՝ գինին շառ ա, շառ․․․»։

Գարսևանի արտահայտություններից շատերը արագ դարձան թևավոր խոսքեր ու լայն տարածում գտան․ «Ես հո հավ չե՞մ, որ ընկնեմ մաշնի տակ», «Ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ ա» և այլն։

Նախատեսվում էր հարբեցող Գարսևանի կերպարը դարձնել շարունակական, սակայն Մոսկվան մերժում է։

Հարկ է նշել, որ ֆիլմից հայտնի տակառիկը գնվում է Գյումրիում՝ Մհեր Մկրտչյանի թանգարանում։

«01-99» ֆիլմի երևանյան տեսարանները հիմնականում նկարահանվել են ներկայիս «Պապլավոկի» մերձակա տարածքում՝ Նազարի բաղում։ Այս տարածքն այդպես էին կոչում՝ ի պատիվ հարևանությամբ ապրող Նազարի, ով խնամում էր այգին, գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ աճեցնում։

Նկարահանումների մի մասն էլ արվել է Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, որն այդ ժանամակ պատկանում էր Հրազդանի շրջանին ու կոչվում էր «Սուխոյ Ֆանտան»։

«01-99» (հայերեն)

«01-99» (на русском языке)

Метки: , ,

Обсуждение закрыто.