Ակնթարթային պիցցա՝ թավայի մեջ

Պիցցա սիրում են բոլորը, սակայն շատերը նախընտրում են գնել արդեն պատրաստի վիճակում՝ խուսափելով խմորի պատրաստման ժամանակատար գործընթացից։

Թավայի մեջ պատրաստվող պիցցայի համար խմորը պատրաստվում է շատ հեշտ ու արագ, որի շնորհիվ պիցցան պատրաստվում է մոտավորապես 10 -15 րոպեի ընթացքում։

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի խմորի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

մայոնեզ – 4 ճ․գ

թթվասեր – 4 ճ․ գ

ալյուր – 9 ճ․ գ (ոչ շատ լիքը գդալներ)։

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի խմորի պատրաստման եղանակն է․

ձուն հարել, ավելացնել թթվասերի ու մայոնեզի խառնուրդը, ապա նաև ալյուրը։ Պետք է ստացվի թթվասերի թանձրության խմոր։ Խմորը լցնել նախապես բուսայուղով պատած թավայի մեջ, վրան շարել նախընտրելի լցոնը, դնել շատ մարմանդ կրակի վրա, անմիջապես փակել կափարիչով ու եփել մինչև պատրաստ լինելը։

Տարբերակ 1

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի լցոնի պատրաստման համար անհրաժեշտ են՝

լոլիկ – 1-2 հատ

նրբերշիկ կամ եփած երշիկ – 100 գ

սունկ – 100 գ

մայոնեզ – 2 ճ․ գ

հալվող պանիր – 50 գ

ձիթապտուղ – մի քանի հատ

բուսայուղ։

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի պատրաստման եղանակն է․

խմորի վրա շարել շերտատած նրբերշիկը, բուսայուղով տապակած շերտատած սունկը, լոլիկի և ձիթապտղի շերտերը։ Վրան բարակ շերտով մայոնեզ քսել ու պատել քերած պանրի շերտով։ Եփել այնքան, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի՝ մոտ 10 րոպե։

Տարբերակ 2

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի լցոնի պատրաստման համար անհրաժեշտ են՝

տոմատի մածուկ կամ կետչուպ – 1 — 2 թ․գ

լոլիկ – 2 հատ

երշիկ – 50-70 գ

թթու կամ մարինացված վարունգ – 1 — 2 հատ

մայոնեզ – 2 ճ․ գ

հալվող պանիր – 50 գ

ձիթապտուղ – մի քանի հատ։

Թավայի մեջ ակնթարթային պիցցայի պատրաստման եղանակն է․

թավայի մեջ լցված խմորի հարթ շերտի վրա թեթևակի կետչուպ կամ տոմատի մածուկ քսել, վրան շարել երշիկի, վարունգի, լոլիկի ու ձիթապտղի շերտերը, ապա բարակ ծորացնելով վանդակաատել ողջ մակերեսը մայոնեզով ու երեսապատել քերած պանրի հաստ շերտով։

Եփել մոտ 10-12 րոպե՝ մինչև պանիրն ամբողջությամբ հալվի։