Ամանորը տոն է բոլորի համար, իսկ երեխաների համար այն ավելի ուրախ ու ցանկալի է դառնում, երբ նրանք նույնպես ներգրավվում են տան ձևավորման ու զարդարման հիանալի և ուրախ գործընթացին:
Ամանորյա ավանդական զարդարանքների շարքում իր ուրույն տեղն է գրավում ամանորյա պսակը: Այն հիանալի տարբերակ է երեխաների հետ միասին ստեղծագործելու համար:
Միանգամյա օգտագործման ափսեներից ամանորյա պսակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
միանգամյա օգտագործման ափսե
գունավոր թուղթ
սոսինձ
մկրատ
ժապավեն
թել՝ պսակը կախելու համար:
Պսակի պատրաստման եղանակն է.
միանգամյա օգտագործման ափսեի մեջտեղի մասը կտրել, կանաչ թղթի երանգներից հավասարաչափ ուղղանկյուն ժապավեններ կտրել, ապա սոսնձել ափսեի շրջանի վրա: Ըստ ցանկության՝ շերտերի եզրերը կարելի է կտրտել եռանկյունաձև:
Սոսնձել նաև թղթե մոմն՝ ըստ նկարի, և կապել ժապավենը:
Ամանորյա պսակի կանաչ հատվածները կարելի է ձևավորել գունավոր թղթի մանր կտորներով կամ այլ տարբերակներով ու նյութերով՝ ըստ երևակայության:
Միանգամյա օգտագործման ափսեներից այս ամանորյա պսակը գունագեղ ու ինքնատիպ զարդարանք է տան յուրաքանչյուր պատին, պատուհանին կամ դռան վրա: