Արևածաղիկներ՝ եգիպտացորենից

Այս գեղեցիկ ծաղիկները կարող են լինել բազմագույն ու տարատեսակ՝ կախված նախասիրությունից ու երևակայությունից։

Եգիպտացորենից ծաղիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եգիպտացորենի թերթիկներ

եգիպտացորենի չորացած հատիկներ

ստվաթուղթ

մետաղալար՝ 18մմ տրամաչափի

թափացիկ լաք

սպիտակ թղթե նեղ երիզ

սոսնձային ատրճանակ՝ սիլիկոնե սոսնձով

մկրատ

խոհանոցային դանակ

մատիտ։

Եգիպտացորենից արևածաղիկների պատրաստման եղանակն է․

ստվարթղթից ձևել ցանկալի ձևի ու չափսի ծաղկաթերթիկ՝ այն դարձնելով նախշակաղապար (շաբլոն)։ Ստվարաթղթի մի մասի վրա էլ մատիտով պատկերել շրջան՝ դա որպես ծաղկաբույլի հիմք օգտագործելու համար։

Շրջանի վրա սոսնձով փակցնել եգիպտացորենի հատիկները, ապա մկրատով հեռացնել ստվաթղթի ավելորդ մասերը։

Ծաղկաթերթի նախշակաղապարի օգնությամբ էլ եգիպտացորենի թերթիկներից պատրատել արևածաղկի թերթիկներ։ Միանգամից մի քանի ծաղկաթերթ ձևելու համար հարկավոր է եգիպտացորենի թերթիկն ըստ երկարության ծալել նախշակաղապարի չափսին համապատասխան։ Ծալվածքի վրա դնել ստվարաթղթի նախշակաղապարը, ուրվագծել մատիտով կամ ամուր պահելով՝ մկրատով ձևել անհրաժեշտ ծաղկաթերթիկները։ Հույժ կարևոր է պահել եգիպտացորենի թերթիկի մանրաթելերի ուղղությունը, դրանք պետք է համապատասխանեն ծաղկաթերթի երկարությանը։ պատրատի ծաղկաթերթերի մի եզրը դանակի բութ շեղբի միջոցով զգուշությամբ թեթևակի կորացնել։

Ծաղկաթերթերը խնամքով սոսնձել շրջանի եզրերով՝ եռաշերտ դասավորությամբ։

Մետաղալարը երկտակել, ծալված հատվածը թեթևակի տարածել մոտավորապես շրջանի տեսք հաղորդելով։ Այդ հատվածից մի փոքր ցած փակցնել սպիտակ թղթե նեղ ժապավենն ու խնամքով փաթաթել մետաղալարի ողջ երկարությամբ։

Մետաղալարի ծալման հատվածը սոսնձել շրջանի մեջտեղում, իսկ ամրացման հատվածը քողարկելու նպատակով ծաղկաթերթեր փակցնել նաև այդ հատվածում։

Արևածաղիկի ցողունն իր ողջ երկարությամբ փաթաթել եգիպտացորենի թերթիկներից պատրաստված նեղ երիզով՝ պարբերաբար սոսնձելով փաթույթները։

Ծաղիկը կարելի է թողնել թերթիկների բնական գույնով, կարելի է նաև գունավորել։ Դրա համար պատրաստի ծաղկաթերթերն ու ցողունի համար նախատեսված բարակ երիզը պետք է նախապես ներկել գուաշով ու թողնել՝ չորանա։

Պատրատի արևածաղկը պատել թափանցիկ լաքով։