Հայկական խոհանոցի այցեքարտերից մեկը՝ բաստուրման հիմնականում մատուցվում է որպես խորտիկ, սակայն լայնորեն կիրառվում է նաև ուտեստներ ու նախուտեստներ պատրաստելիս։

Բաստուրմայով օմլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 4 հատ
բաստուրմա – 100 գ
հալած յուղ – 2 ճ․ գ․
կաթ – 2 ճ․ գ․
ալյուր – 1 ճ․ գ․
ռեհան, թարխուն կամ համեմ – մի փոքր փունջ
սև աղացած պղպեղ
աղ։
Բաստուրմայով օմլետի պատրաստման եղանակն է․
թասի մեջ հարել ձուն, ավելացնել կաթը, ալյուրը, համեմել աղով ու սև պղպեղով և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված։
Ստացված զանգվածին ավելացնել չամանի մածուկից մաքրած ու մանր կտրտած բաստուրմայի մսակտորներն ու կրկին խառնել։
Տաք թավայի մեջ ավելացնել յուղը, տաքացնել ու ավելացնել օմլետի զանգվածը։ Տապակել մինչև պատրաստ լինելը։
Մատուցել տաք վիճակում՝ լավաշի հետ միասին՝ ձևավորելով կտրտած կանաչիով։