Բարեմաղթանքներով ոսկե ընկույզը փոքրիկ հուշանվեր է, որը կարելի է նվիրել բարեկամներին, ընկերներին կամ գործընկերներին ինչպես Ամանորին, այնպես էլ այլ հիշարժան միջոցառումներին: Ընկույզների մեջ կարելի է տեղադրել բարեմաղթանք, աֆորիզմ, խորհուրդ, սիրո խոստովանություն, փոքրիկ կոնֆետ, զարդ կամ այլ գեղեցիկ անակնկալ: Այս փոքրիկ հուշանվերն իր առանձնահատկությամբ կարող է անմոռանալի դարձնել ցանկացած օր:

Բարեմաղթանքներով ոսկե ընկույզներով կարելի է նաև ուրախ ու հետաքրքիր խաղ կազմակերպել. ընկույզների մեջ տեղադրել զվարճալի առաջադրանքներ և մասնակիցներին առաջարկել պատահականության սկզբունքով ընտրել ընկույզներից որևէ մեկը: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ավելի լավ կկատարի առաջադրանքը:

Բարեմաղթանքներով ոսկե ընկույզ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ատլասե բարակ ժապավեն
միջին կամ մեծ ընկույզներ
նախօրոք տպված բարեմաղթանքներ
ոսկեգույն կամ այլ ցանկացած գույնի ներկ
որևէ սոսինձ
դանակ
մկրատ:
Բարեմաղթանքներով ոսկե ընկույզ պատրաստելու եղանակն է.
ընտրված ընկույզները նախապես թրջել, որպեսզի հնարավոր լինի պահպանել կեղևների ամբողջականությունը:
Ընկուզները հանել ջրից և դանակի սուր ծայրի օգնությամբ զգուշությամբ բացել ընկույզի կեղևները:

Այնուհետև հեռացնել միջուկը գդալի օգնությամբ կամ այլ ավելի նախընտրելի տարբերակով:

Շարել ընկույզի կեղևները զուգերով, որ չխառնվեն:

Ներկել կեղևները նախընտրելի եղանակով և թողնել, որ լավ չորանա:

Բարեմաղթանքները փաթաթել, կապել ատլասե ժապավենով: Ատլասե ժապավենից յուրաքանչյուրի համար փոքրիկ կախիչներ կտրել: Կեղևներից մեկի մեջ տեղադրել բարեմաղթանքը, ամրացնել կախիչը:


Այնուհետև սոսնձել կիսամասերն իրար այնպես, որ հնարավոր լինի հեշտությամբ բացել:

Ընկուզը կարելի է ձևավորել ըստ ճաշակի:



Բարեմաղթանքներով ընկուզը կարելի է օգտագործել նաև որպես տոնածառի զարդարանք:

