Հայկական խոհանոցն աշխարհի ամենահին խոհանոցներից մեկն է: Թխվածքն էլ, անտարակույս, բացառություն չի կազմում: Հայկական խոհանոցի ամենահայտնի թխվածքներից են գաթան և հայկական փախլավան:
Նախկինում բարուրիկը ևս համալրել է այս ցանկը, սակայն ժամանակի ընթացքում մոռացության է մատնվել:

Բարուրիկն արագ և հեշտ պատրասրվող խմորեղեն է, համը նման է փախլավայի համին : Գոյություն ունեն այս ռուլետի պատրաստման բազում ավանդական տարբերակներ՝ կախված տարածաշրջանային առանձնահատկություններց և տանտիրուհիների ճաշակից, նախասիրություններից ու երևակայություններից:
Բարուրիկի պատրաստման բաղադրիչներն են.
խմորի համար՝
ալյուր – 1 բաժակ
կարագ – 120 գ
ձու – 1 հատ
ջուր – 5 — 6 ճ. գ
աղ:
Միջուկի համար անհրաժեշտ են՝
շաքարավազ – 0.5 բաժակ
մանրացված ընկուզ – 0.5 բաժակ
դարչին՝ ըստ ճաշակի:
Հայկական ռուլետի պատրաստման եղանակն է.
մանրեցված ընկուզին ավելացնել շաքարավազն ու դարչինը, լավ խառնել:

100 գ հալված կարագին ավելացնել ձուն (մի փոքր թողնել՝ երեսին քսելու համար), խառնել: Ապա հերթականությամբ ավելանել աղը, ջուրը և ալյուրը: Հունցել ոչ շատ պինդ խմոր:
Խմորը 10-15 րոպե թողնել, որ հանգստանա, բաժանել 2 գնդի, ապա գրտնակել՝ ստանալով բարակ ուղղանկյուն շերտեր:
Վրաները քսել մնացած կարագը և ծածկել միջուկով:

Փաթաթել բարուրիկները ռուլետի նման, վրան ձու քսել և թխել նախապես 200-240°C տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:

Հանել ջեռոցից, թողնել՝ մի քիչ հավանա և կտրտել: Այս բաղադրատոմսի դեպքում ստացվում է մոտ 28 կտոր:

Ըստ նախասիրության՝ վրան կարելի է շաքարի փոշի ցանել:
Պատրաստի բարուրիկը կարելի է մատուցել թեյի կամ սուրճի հետ: