Այս «Թավշե սիրտ» բիսկվիթային ռուլետը սիրո արտահայտության ևս մի յուրահատուկ հաղորդագրություն կարող է հանդիսանալ:

«Թավշե սիրտ» բիսկվիթային ռուլետի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
ձու — 10հատ
շաքարավազ — 300 գ
խտացրած կաթ — 150 գ
մածուն — 200 մլ
թթվասեր — 100 գ
կարագ — 150 գ
բուսայուղ — 150 մլ
սոդա — 1թ. գ
աղ — 1պտղունց
ալյուր — 300 գ
կարմիր գունանյութ
կակաո — 20գր
կաթնային շոկոլադ — 80գր:
«Թավշե սիրտ» բիսկվիթային ռուլետի պատրաստման եղանակն է.
խմոր պատրաստելու համար թասի մեջ ջարդել ձուն, ավելացնել շաքարավազը և լավ հարել մինչ սպիտակելը:
Մեկ այլ թասի մեջ մածունին ավելացնել սոդան, խառնել, ապա, անընդհատ հարելով, քիչ-քիչ լցնել բուսայուղն ու հարել այնքան, որ ստացվի միասեռ զանգված: Փոքր չափաբաժիններով ավելացնել ձվի զանգվածին: Այնուհետև քիչ-քիչ ավելացնել աղն ու ալյուրը:
Բաժանել 2 մասի: Մի մասին ավելացնել գունանյութն ու կակաոն, խառնել:
Գունավոր խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ մոտ 1.5-2սմ հաստությամբ և թխել 20ր՝ 180 ˚C տաքացրած ջեռոցում:
Թողնել հովանա, բարակ շերտով հեռացնել երեսը, ապա սրտաձև կաղապարով սրտեր հանել, իսկ մնացորդները փշրել:

Ռուլետի համար նախատեսված խմորն էլ թխել նախորդի նման, սակայն ուղղանկյուն կաղապարում և այնպես, որ խմորի հաստությունը լինի 1-1.5սմ:

Որպեսզի ռուլետն ընդունի ցանկալի ձև, ջեռոցից հանելուց անմիջապես հետո շերտը դնել փայտե գորգին փռված սրբիչի վրա և անմիջապես ծալել 2 կողմից հավասարապես՝ եզրերը դեպի ներս կորացնելով: Թողնել մոտ 1 ժամ՝ հովանա:

Այդ ընթացքում պատրաստել կրեմը. հալված կարագը հարելով սպիտակեցնել: Քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, լավ հարել: Ապա մաս առ մաս ավելացնել նաև թթվասերը: Պետք է ստացվի թույլ կրեմ:

Զգուշությամբ բացել ռուլետի շերտը, կրեմ քսել, կտրտած սրտիկները շարել մի կողմի վրա՝ հնարավորինս կիպ դասավորությամբ: Կրեմապատել և վերականգնել ռուլետի նախկին տեսքը:

Պատրաստի ռուլետը կրեմապատել և թավալել գունավոր բիսկվիթի փշուրների մեջ:

Շոկոլադը հալել գոլորշու վրա և յուղաթղթի վրա խոհանոցային ներարկիչով սրտեր նկարել:
Սառչելուց հետո զգուշությամբ հեռացնել յուղաթղթից: Ստացված սրտիկներով ձևավորել ռուլետը:


«Թավշե սիրտ» բիսկվիթային ռուլետը պատրաստ է: