Բորակի

Յուրաքանչյուր ազգային խոհանոց ունի խմորի ու մսի համադրությամբ իրեն բնորոշ ճաշատեսակներ՝ վրացական խինկալի, ռուսական պելեմենիները, ճապոնական նիկումանը, ասիական ու մի շարք այլ երկրներին բնորոշ մանթին և այլն։

Զուտ հայկական ճաշատեսակ է բորակին, որի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ միջուկը նախապես ենթարկվում է ջերմային մշակման, ապա լցոնվում խմորի կտորների մեջ։ Բորակու պատրաստման ողջ գործընթացն ինքատիպ է։

Տարբերակ 1

Բորակի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 300 գ

սոխ – 2 գլուխ

լոլիկ – 1 հատ

համեմ – 50 գ

տավարի միս – 400 գ

ջուր – 50 մլ

ձու – 1 հատ

մսային արգանակ – 1 բաժակ

բուսայուղ – 100 մլ

աղ

սև աղացած պղպեղ։

Բորակու պատրաստման եղանակն է․

50 մլ բուսայուղի մեջ տապակել մանր կտրտած կամ աղացած սոխը, ապա ավելացնել աղացած միսը և շարունակել տապակել՝ հետևելով, որ մսի աղացած հատիկները լինեն միմյանցից անջատ ու խոշոր, մսային գնդիկներ չառաջանան։

Երբ միսը պատրաստ լինի, ավելացնել կեղևազրկած ու մանր կտրտած լոլիկը։

Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնել կտրտած կանաչին ու համեմել աղով ու սև պղպեղով։ Խառնել ու տապակել ևս 1 րոպե, ապա վերցնել կրակից և թողնել՝ հովանա։

Թասի մեջ լավ հարել ձուն, ավելացնել աղն ու ջուրը, կրկին հարել այնքան, որ սկսի փրփրել։ Մաս-մաս ավելացնելով ալյուրը՝ պինդ խմոր հունցել։ Թողնել՝ խմորը հանգստանա 15 – 20 րոպե, ապա 2 մմ հաստությամբ շերտ գրտնակել։

Գրտնակած շերտը բաժանել 6 х 6 սմ չափսով քառակուսիների։ Յուրաքանչյուր քառակուսու վրա դնել որոշակի քանակությամբ մսային միջուկ այնպես, որ հնարավոր լինի գլանաձև փաթաթել, իսկ միջուկն ազատ եզրերից մոտ 1 սմ պակաս լինի։ Ազատ եզրերից մեկը սեղմելով կողքերից՝ փակել։

Բորակիները՝ փակած կողմով դեպի ներքև՝ ուղղահայաց ու միմյանց հնարավորինս մոտ, բայց ոչ շատ կիպ, շարել կաթսայի մեջ։ Կաթայի մեջ զգուշությամբ ավելացնել եռացող արգանակը ու եփել 3 – 4 րոպե՝ այնքան, որ բորակիները լինեն կիսաեփ։

Քամել արգանակը ու միջին կրակով բոլոր կողմերից տապակել տաք բուսայուղի մեջ։

Պատրաստի բորակիները մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով կտրտած համեմով։ Բորակիները խորհուրդ է տրվում ճաշակել սխտորած մածնով կամ սխտորաթթվասերային թանձրուկով։

Տարբերակ 2

Բորակի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 200 գ

ձու – 1 հատ

ջուր – 2 ճ․ գ

մսային արգանակ – 1 բաժակ

տավարի միս – 300 գ

սոխ – 1 գլուխ

լոլիկ – 1 հատ

կանաչի – ըստ ճաշակի

բուսայուղ

աղ

սև աղացած պղպեղ։

Բորակու պատրաստման եղանակն է․

ալյուրով, ձվով, աղով ու ջրով պինդ խմոր հունցել։ Թողնել՝ հանգստանա։

Բուսայուղով ու մանր կտրտած սոխով սոխառած պատրաստել, ավելացնել շատ մանր կտրտած կամ աղացած միսը, մի քիչ տապակել ու ավելացնել կեղևազատած ու մանր կտրտած լոլիկը ու տապակել մինչև մսի պատրաստ լինելը։ Համեմել աղով ու սև պղպեղով և ավելացնել կտրտած կանաչին։ Խառնել ու վերցնել կրակից՝ թողնելով՝ հովանա։

Հանգստացած խմորը գրտնակել՝ ձևավորելով խմորի բարակ շերտ։ Ստացված շերտից կտրտել 5 – 6 սմ կողմերով քառակուսիներ։

Խմորի յուրաքանչյուր կտորի վրա գդալով դնել մսային միջուկ ու գլանաձև փաթաթել։ Գլանի մի ծայրը սեղմելով փակել․ դա կլինի բորակու տակի մասը։ Մյուս կողմը պետք է բաց լինի։

Բորակիներն ուղղահայաց դիրքով դասավորել թավայի կամ կաթսայի մեջ, ավելացնել եռման աստիճանի տաք արգանակը (կարելի է փոխարինել ջրով), ծածկել կափարիչով ու դնել թույլ կրակին։ Եփել՝ մինչև կիսապատրաստ լինելը։

Այնուհետև բորակիները ջրքամել ու տապակել տաք բուսայուղի մեջ՝ մինչև բոլոր կողմերից ոսկեգունելը։

Մատուցել տաք վիճակում՝ նախընտրելի թանձրուկով ու կտրտած կանաչով։