Գրեթե բոլորն են սիրում մսով կամ կարտոֆիլով կարկանդակներ։ Սակայն ոչ բոլորն են համտեսել գազարով ու լորի ձվով կարկանդակները, որոնք նունպես շատ համեղ են, հագեցնող ու օգտակար։

Գազարով ու լորի ձվով կարկանդակների պատրաստման համար անհրաժեշտ են՝
ալյուր — 400 գ
հավի ձու – 1 հատ
հավի ձվի դեղնուց — 3 հատ
կարագ – 100 գ
կաթ – 1 բաժակ
ջուր – 1 բաժակ
խմորիչ – 1 թ․ գ
շաքարավազ – 0,5 թ․ գ
գազար – 800 գ
սոխ – 1 գլուխ
մաղադանոս – մի փոքր փունջ
բուսայուղ – 3-4 ճ․ գ
լորի ձու – 14-16 հատ
քունջութի յուղ – մի քանի կաթիլ
համեմունքներ – ըստ ճաշակի
աղ։
Գազարով ու լորի ձվով կարկանդակների պատրաստման եղանակն է․
0,5 բաժակ գոլ ջրում լուծել խմորիչը, լցնել 200 գ մաղած ալյուրի վրա, խառնել ու թողնել 1 ժամ տաք տեղում՝ հասունանա։ Երբ խմորի ծավալը կրկնապատկվի, ավելացնել ձվի դեղնուցները, աղը, շաքարավազը, կաթը, հալված կարագն ու լավ հունցել՝ աստիճանաբար ավելացնելով մնացած ալյուրը։
Խմորը տեղափոխել սեղանի կամ սկուտեղի վրա ու հունցել այնքան, որ ստացվի փափուկ ու ձեռքերից չկպչող խմոր։ Խմորը կրկին վերադարձնել թասի մեջ ու տաք տեղ դնելով՝ թողնել, որ հասունանա՝ մոտ 1,5-2 ժամ։

Միջուկի պատրաստման համար կեղևից մաքրած ու լվացած գազարը խորանարդաձև մանր կտրտել, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 0,5 բաժակ ջուր, փակել կափարիչով ու եփել մոտ 7-10 րոպե՝ մինչև գազարը լավ փափկի։
Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել, վրան ավելացնել ջրքամած գազարը, քունջութի յուղը, կտրտած մաղադանոսը, համեմել աղով, նախընտրելի համեմունքներով ու տապակել մի քանի րոպե, որպեսզի գազարը մի քիչ տապակվի ու ոսկեգույն երանգ ստանա։
0,5 սմ հաստությամբ գրտնակած խմորի շերտից միջին չափսի շրջաններ կտրել, յուրաքանչյուրի վրա՝ կենտրոնում, 1,5-2 ճ․ գ միջուկ լցնել, վրան դնել լորի խաշած ձվի կեսը և խմորի եզրերը հավաքելով՝ կարկանդակ ձևավորել։

Ծածկել սրբիչով ու թողնել 10 -12 րոպե՝ հասունանա։
Ապա կարկանդակները միմյանցից 5 -6 սմ հեռավորության վրա դասավորել ջեռոցի՝ նախապես յուղած տապակի մեջ, վրան հարած ձու քսել ու թխել նախօրոք 180 °С տաքացրած ջեռոցում 10 – 15 րոպե՝ մինչև ոսկեգունելը։