Կետչուպը լոլիկով պատրաստվող համապիտանի թանձրուկ է, որն ունի լայն տարածում ողջ աշխարհում։ Այն կարելի է համադրել գրեթե բոլոր տեսակների ուտեստների հետ՝ մսային, բանջարեղենային, ձկնային․․․

Տնային պայմաններում դասական բաղադրատոմսով կետչուպ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
լոլիկ – 1 կգ
մեխակ – 3 հատ
դարչին – 1 փայտիկ կամ 0,5 թ․ գ՝ աղացած
դափնու տերև — 1 հատ
աղ – 8 գ
շաքարավազ – 20 գ
սխտոր – 2 պճեղ
սև պղպեղ – 4-5 հատիկ կամ աղացած՝ 0,5 թ․ գ
քացախ՝ 6%-անոց – 30 մլ։
Տնային պայմաններում դասական բաղադրատոմսով կետչուպի պատրաստման եղանակն է․
լոլիկն աղալ մսաղացով ու եփել 5-10 րոպե՝ միջին կրակով։ Թողնել՝ հովանա, մաղել այնպես, որ կորիզներն ու կոշտ մասերն առանձնանան հյութից և փափուկ պտղամսից։
Մաղված հյութը դնել կրակին և եփել այնքան, մինչև հեղուկի գոլորշիացման արդյունքում ստացվի անհրաժեշտ թանձրության զանգված (զանգվածի ծավալը գրեթե կրկնակի պետք է կրճատվի)։
Բոլոր համեմունքները և ճզմած սխտորը լցնել թանզիվե (марля) տոպրակի մեջ (որպեսզի համեմունքների մասնիկները չանցնեն կետչուպի մեջ ու այն լինի միագույն և միասեռ) ու ընկղմել լոլիկի եռացող հյութի մեջ, ավելացնել քացախը՝ շարունակելով եռացնել ևս 5-7 րոպե։
Արդեն պատրաստի կետչուպի մեջից հանել տոպրակը, տաք վիճակում լցնել նախապես մանրէազերծված ապակե տարրաների մեջ, ամուր փակել մետաղական կափարիչով և տարրան շրջելով՝ թողնել՝ հովանա։
