Այս դյուրամարս, գունագեղ, վիտամիններով հարուստ ու համեղ ապուրը հատկապես դուր կգա իրենց սննդակարգին հետևողներին։ Խորհուրդ է տրվում ընդգրկել նաև երեխաների սննդակարգում։ Այն կարելի է պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված մթերքներից ու վայելել ողջ տարին։

Դդմիկով ու հավի մսով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
հավի փափկամիս – 200 գ
բուլղարական պղպեղ – 0,5 հատ
դդմիկ (կարելի է նաև ցուկինի) – 0,5 – 1 հատ
գազար՝ փոքր չափսի – 1 հատ
լոլիկ՝ միջին չափսի – 1 հատ
սոխ՝ փոքր չափսի – 1 գլուխ
սամիթ՝ թարմ կամ չորացրած
բուսայուղ
ջուր
նախընտրելի համեմունքների փունջ – ըստ ճաշակի
աղ։
Դդմիկով ու հավի մսով ապուրի պատրաստման եղանակն է․
հավի՝ կաշին հեռացրած փափկամիսը կտրտել ու եփել մոտ 15 – 20 րոպե, թափել արգանակը, ապա մսի վրա լցնել մոտ 1 լ ջուր ու կրկին եփել։ Երբ ջուրն սկսի եռալ, ավելացնել կտրտած դդմիկը (կարելի է կեղևով կամ կեղևազրկած)։ Եփել 10 – 15 րոպե։
Թավայի մեջ բուսայուղով տապակել մանր կտրտած սոխը, այնուհետև ավելացնել քերած գազարն ու մանր կտրտած պղպեղը և տապակել 1 – 2 րոպե։ Որից հետո ավելացնել կեղևազրկած ու մանր կտրտած լոլիկը։ Միասին տապակել մի քանի րոպե ու ավելացնել եռացող արգանակի մեջ ու եփել մինչև գրեթե պատրաստ լինելը։ Պատրաստ լինելուց 1 – 2 րոպե առաջ համեմել աղով ու նախընտրելի համեմունքներով։

Պատրաստի ապուրի վրա ավելացնել սամիթն ու մատուցել։