Եգիպտացորենով, պղպեղով ու ձիթապտղով յուղաբլիթներ

Այս գունագեղ ու արագ պատրաստվող յուղաբլիթները կարող են դառնալ և՛ հիանալի նախաճաշ՝ մի գավաթ թեյի հետ, և՛ գեղեցիկ ուտեստ՝ երեկոյան՝ տոնական ընթրիքի սեղանին։

Եգիպտացորենով, պղպեղով ու ձիթապտղով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մաքրած եգիպտացորեն՝ թարմ (եփված) կամ պահածոյացված – 1,5 բաժակ

կանաչ սոխ – 3 – 4 ճյուղ

կարմիր պղպեղ – 1 հատ

ձիթապտուղ՝ կտրտած – 2/3 բաժակ

ձու – 2 հատ

ալյուր – 0,5 բաժակ

սամիթ – մի փոքր փունջ

բուսայուղ կամ ձիթայուղ

աղ

սև ու կարմիր աղացած պղպեղներ՝ ըստ ճաշակի։

Եգիպտացորենով, պղպեղով ու ձիթապտղով յուղաբլիթների պատրատման եղանակն է․

բուսայուղի մեջ մարմանդ կրակով 2 – 3 րոպե տապակել մանր կտրտած կանաչ սոխը, կարմիր պղպեղն ու եգիպտացորենը։ Վերցնել կրակից, տեղափոխել թասի մեջ և թողնել՝ հովանա։

Այնուհետև տապակված զանգվածի վրա ավելացնել ջրքամած կտրտած ձիթապտուղը, մանր կտրտած սամիթը, ձուն, համեմել աղով ու պղպեղներով, լավ խառնել, ապա ավելացնել նաև ալյուրն ու լավ խառնել։

Տաք բուսայուղի մեջ գդալով լցնել զանգվածից, հարթեցնել ու երկու կողմից լավ տապակել։

Մատուցել տաք վիճակում։