Մարմելադն իրենից ներկայացնում է մրգահյութով կամ մրգային խյուսով, դոնդողով կամ ագար-ագարով, գրեթե միշտ շաքարավազով ջերմային մշակման միջոցով պատրաստված կոնֆետ։ Այն ի հայտ է եկել Եվրոպայում՝ XIV դարում։ Ընդունված է համարել, որ մարմելադի նախատիպը ռահաթ-լոխումն է և, ըստ պատմական տվյալների, արևելյան երկրներում տարածում է գտել հարյուրամյակներ առաջ։ Մարմելադ սիրում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Քաղցրասերների սիրելի մարմելադը կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում, որն իր համային հատկանիշներով չի զիջի գործարանային արտադրանքին ու կլինի ավելի օգտակար։

Ելակե նրբահամ ու օգտակար մարմելադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ելակ (թարմ կամ սառեցված) – 300գ
ջուր – 100 մլ
դոնդող – 15 գ։
Առանց շաքարի ելակե մարմելադի պատրաստման եղանակն է․
ելակներից բլենդերի օգնությամբ խյուս (пюре) պատրաստել։
Տաք ջրում լուծել դոնդողը և թողնել 30 րոպե։
Ելակե խյուսն, անընդհատ խառնելով, տաքացնել կրակի վրա, ապա ավելացնել դոնդողը։ Խառնել այնքան, որ դոնդողն ամբողջությամբ լուծվի (խյուսը չպետք է եռա)։
Վերցնել կրակի վրայից և լցնել կաղապարի մեջ։ Թողնել հովանա, այնուհետև տեղափոխել սառնարան՝ թողնելով այնտեղ 2-3 ժամ։

Մատուցելիս ձևավորել դաղձի թարմ տերևներով։
