Անուշաբույր, համերի հիանալի համադրությամբ այս կոմպոտը վիտամինային իսկական հեղեղ կլինի ձմեռային ցուրտ օրերին։

Ելակով ու բանանով կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ելակ – 300 – 500 գ
բանան – 1 – 2 հատ
շաքարավազ – 300 գ
կիտրոնաթթու – 1 պտղունց
ջուր – 2 – 2,5 լ։
Ելակով ու բանանով կոմպոտի պատրաստման եղանակն է․
հոսող ջրի տակ լավ լվացած ու պոչիկները հեռացրած ելակները լցնել 3 լիտրանոց ապակե մանրէազերծված տարայի մեջ, ապա վրան ավելացնել կեղևազրկած ու 0,7 – 1 սմ հաստությամբ շերտատած բանանը, կիտրոնաթթուն և շաքարավազը։
Տարայի մեջ՝ մինչև վերջ, զգուշությամբ ու աստիճանաբար լցնել եռացող ջուր, անմիջապես փակել մետաղական մանրէազերծված կափարիչով։
Տարան շրջել ու ծածկել տաք ծածկոցով։ Երբ տարան մի քիչ հովանա, խնամքով թեթևակի թափահարել, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի, կրկին դնել նույն դիրքով ու լավ ծածկել։
Լիովին հովանալուց հետո տարան պահել զով ու արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրում։