Ստեղծագործական մոտեցման շնորհիվ փոքրիկ ինքնաշեն դազգահի վրա ազատ ժամանակ ստեղծված էթնիկ ոճի այս կախազարդը յուրօրինակ տեսք կհաղորդի նազենի պչրուհուն ու կդառնա զարդատուփի սիրելի զարդերից մեկը:

Էթնիկ ոճի վզի կախազարդ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
տարբեր գույնի բամբակյա ասեղնագործության (мулине) թելեր
ոսկեգույն մետաղական շղթա
միացնող ամրակներ (застёжка)
ոսկեգույն մանր ուլունքներ
նեղ կպչուն ժապավեն (սկոչ)
ոսկեգույն բարակ մետաղալար
մկրատ
հարթաշուրթ (плоскогубцы)
կծաքցան (кусачки)
հաստ (մախաթ) ասեղ
ստվարաթուղթ
քանոն
մատիտ:

Էթնիկ ոճի վզի կախազարդի պատրաստման եղանակն է.
ստվարաթղթից կտրել 5սմ և 7սմ կողմերով ուղղանկյուն: 5 սմ-անոց կողմերի վրա՝ իրարից 0.5սմ հեռավորության վրա, նշագծել և կտրել: Կտրված հատվածներով անցկացնել հենքի թելերը և, ամուր ձգելով, կպչուն ժապավենի օգնությամբ ամրացնել ստվարաթղթի հակառակ կողմում:

Ծիրանագույն թելով թելված ասեղը հենքի թելերի միջով անցկացնել՝ ստանալով կարպետի նախշ: Այդ ձևով գործել 10 շարք և հանգուցել թելը (հարկ է հանգուցել ամեն անգամ թելը փոխելիս): Հարկավոր է ստանալ հնարավորինս խիտ գործվածք:
Փոխարինել ծիրանագույն թելը բաց մոխրագույնով և գործել 3 շարք:
Այնուհետև մուգ մոխրագույն թելով գործել 2 շարք, ապա մերթընդմերթ ավելացելով ուլունքները՝ գործել ևս 3 շարք:
Սպիտակ թելով գործել 9 շարք՝ ուլունքների հետ համատեղ:
Այնուհետև 1 շարք գործել մուգ մոխրագույն թելով, հետո՝ 5 շարք ծիրանագույով:
Սպիտակ թելով գործել 12 շարք՝ երկրորդ և չորրորդ շարքերում ավելացնելով ուլունքներ:
Նմուշի գույները, ինչպես նաև նախշի լայնությունը, ձևը կարելի է փոխարինել նախընտրելի այլ տարբերակներով:

Շրջել ստվարաթուղթը և ուղիղ մեջտեղից կտրել թելերը:
Թելերը զույգ- զույգ հանգուցել:

Մուգ մոխրագույն թելից վրձիններ պատրաստել և ամրացնել կախազարդի ներքևի մասում: Հավասարեցնել եզրերը:

Կախազարդի վերևի մասից կտրել ավելորդ թելերը:

Մետաղալարի օգնությամբ կախազարդին ամրացնել մետաղական շղթան, իսկ շղթայի ծայրին՝ միացնող ամրակները:

Էթնիկ ոճի վզի կախազարդը պատրաստ է:
