Ողջ տարին կարելի է վայելել կանաչ խնձորն ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակում: Տեսականին կարելի է համալրել նաև այս գեղեցիկ թխվածքաբլիթներով:

«Կանաչ խնձոր» թխվածքաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
ձու-2 հատ
շաքարավազ-200 գ
կարագ-150 գ
կիտրոնի ցեդրա (ցիտրուսակեղև)- 1թ. գդալ
կիտրոնի լիկյոր-1 թ. գդալ
ալյուր-350 գր և ևս 3 ճ. գդալ
փխրեցուցիչ-2 թ. գդալ
խնձորի կորիզներ, մեխակ
կանաչ գունանյութ:
Թխվածքաբլիթների պատրաստման եղանակն է.
առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցները հարել շաքարավազի հետ մինչև լավ սպիտակի և ավելացնել հալված կարագը: Լավ հարել, որ ստացվի միասեռ զանգված:
Այնուհետև ավելացնել լիկյորն ու ցեդրան: Զանգվածն անընդհատ խառնելով՝ ավելացնել նախապես իրար խառնած 350 գ ալյուրն ու փխրեցուցիչը: Հունցել փափուկ խմոր:
Խմորից առանձնացնել ¼ մասը և այդ մասին ավելացնել գունանյութը: Լավ հունցել, որ գույնը հավասարաչափ տարածվի:

Հիմնական խմորին ավելացնել 3 ճ. գդալ ալյուրն ու հունցել:
Խմորի հիմնական մասից գլան պատրաստել, իսկ կանաչ խմորը գրտնակել: Պետք է ստացվի բարակ շերտ, որի երկարությունն ու լայնությունը կհամապատասխանեն գլանի երկարությանն ու շրջագծին:

Փաթաթել գլանը կանաչ խմորով: Սննդային թաղանթի վրա մի քիչ շաքարավազ ցանել, վրան գլորել գլանը, փաթաթել թաղանթի մեջ: Մոտ 1 ժամ սառեցնել սառցախցիկում:

Հանել գլանը սառցախցիկից, կտրատել 1.5սմ հաստությամբ շրջաններ: Յուրաքանչյուր շրջանը թեթևակի սեղմելով՝ շերտատած խնձորի տեսք տալ:


Յուրաքանչյուրի մեջտեղում խնձորի սերմեր դնել, իսկ ծաղկի և պոչի փոխարեն՝ մեխակներ:

Շարել թխվածքաբլիթները յուղաթղթի վրա: Թխել նախապես 170 °C տաքացրած ջեռոցում մոտ 25րոպե:
Կտրտած շրջաններին կարելի է նաև տանձի ձև տալ, ձևավորել նույն սկզբունքով ու թխել:
