Թխվածքաբլիթ «Նազուկ»՝ խորիզով

Զատկային տոնակատարությունների հին հայկական թխվածքներից է նազուկը:

Նազուկը հին հայկական խմորեղեն է, որն այժմ առավել լայն տարածում ունի Հայաստանի սահմաններից դուրս, քան հայրենիքում: Այն հիմնականում իրենից ներկայացնում է ալյուրով, կարագով, շաքարավազով, թթվասերով, կաթով, ձվով և խմորիչով հունցած բուլկու նման թխվածք, որի մեջ հաճախ օգտագործվում է նաև ընդեղեն: Արդի խոհարարական գրականության մեջ «Նազուկ» անվանում են խորիզով կաթնահունցը:

Նախկինում նազուկը թխվել է առանձնահատուկ տոնական առիթների ժամանակ, և յուրաքանչյուր տանտիկին ունեցել է իր յուրահատուկ բաղադրատոմսը, որով և զարդարել է տոնական սեղանները:

Նազուկն արտաքինից շատ նման է շերտավոր խմորից թխված գաթային:

Այն միշտ թխել են Զատկի նախօրեին՝ Մեծ Պասից դուրս գալուց հետո, և հաջորդ օրը սիրով հյուրասիրել իրենց հյուրերին:

Միջուկին ավելացրել են տարբեր համեմունքներ՝ դարչին, քրքում կամ շաֆրան, ինչի հետևանքով էլ խմորեղենն ստացվել է վառ դեղին:

Ինչպես հայկական գրեթե բոլոր խմորեղենները, նազուկը նույնպես ունեցել է բազում տարատեսակներ՝ ինչպես բաղադրության, այնպես էլ արտաքին տեսքի ու պատրաստման:

Շնորհիվ կարագի մեծ քանակության՝ այն շատ փափուկ ու հյութեղ է և կարող է իր թարմությունը պահել երկար ժամանակ:

Նազուկի պատրաստման ողջ գործընթացն ուղեկցվել է երգ ու պարով:

Խորիզով նուրբ ու համեղ «Նազուկ» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 100 մլ

թթվասեր – 100 գ

խմորիչ – 1 ճ. գ

կարագ կամ յուղ – 350 գ

ձու – 3 հատ

ալյուր – 4-5 բաժակ

շաքարավազ – 200 գ

վանիլ:

Նազուկ պատրաստելու եղանակն է.

գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել ½  բաժակ ալյուր, լավ խառնել, թողնել մոտ 30 րոպե՝ հասունանա: Ապա ավելացնել թթվասերը, 200 գ հալված կարագը եւ 2 ձուն, լավ խառնել: Քիչ-քիչ ավելացնել ևս 2-3 բաժակ ալյուր, որ ստացվի փափուկ, հունցելու համար պիտանի խմոր: Մոտ 10 րոպե խմորը սեղանին հարվածելով՝ լավ հունցել: Ապա թողնել տաք տեղում, որ հասունանա:

Արդեն հասունացած խմորը բաժանել 4 մասի և գրտնակել:

Խորիզ պատրաստելու համար հալված 150 գ կարագին ավելացնել շաքարավազն ու 1 բաժակ ալյուրը, վանիլը: Զանգվածը ձեռքերով խառնելով՝ դարձնել փշրանքներ:

Խմորի յուրաքանչյուր գրտնակած մասի վրա փռել խորիզի ¼ մասը և ռուլետաձև փաթաթել:

Ստացված ռուլետները կտրտել՝ ստանալով 5-6 կտոր:

Կտորները որոշակի հեռավորությամբ դասավորել յուղաթուղթ փռած ջեռոցի տապակի մեջ, թողնել 10-15 րոպե հանգստանան, ապա վրաները քսել ձվի հարած դեղնուց և թխել նախապես 180˚C տաքացված ջեռոցում 20-30 րոպե: