Թխվածքաբլիթ «Տերևաթափ»

Աշունը գեղեցիկ է իր խայտաբղետ գույներով, անզուգական տերևաթափով․․․

Աշնան գեղեցկությունը կարելի է վայելել ոչ միայն զբոսնելիս, այլ նաև տանը՝ մի բաժակ թեյի կամ սուրճի հետ՝ վայելելով համեղ «Տերևաթափ» -ը։

«Տերևաթափ» թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարագ – 400 գ

շաքարավազ – 1 բաժակ

ձու – 1 հատ

նարնջի հյութ – 2 ճ․ գ

ալյուր – 2 – 2,5 բաժակ

վանիլ

աղ – 1 պտղունց

գունանյութեր — դեղին, նարնջագույն, կարմիր և կանաչ։

«Տերևաթափ» թխվածքաբլիթի պատրաստման եղանակն է․

կարագը հարել հարիչով այնքան, որ այն լավ փափկի ու ձեռք բերի սպիտակավուն երանգ։

Ավելացնել ձուն ու հարել՝ մինչև դառնա համասեռ զանգված, ապա ավելացնել շաքարավազը, այնուհետև՝ աղը, վանիլն ու նարնջի հյութը։ Այս ամենը լավ հարելուց հետո քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել՝ սկզբում փայտե գդալով, այնուհետև՝ ձեռքով։ Հարկավոր է հունցել պինդ, բայց ձեռքերից չկպչող խմոր։

Խմորը բաժանել 4 հավասար մասի, յուրաքանչյուր մասին ավելացնել գունանյութ ու հունցել այնքան, որ խմորը համաչափորեն ներկվի։

Սեղանի (կամ աշխատանքային այլ մակերեսի) վրա մի քիչ ալյուր ցողել, յուրաքանչյուր գույնի խմորից փոքրիկ կտորներ պոկել ու շարել իրար մոտ՝ կամայական հերթականությամբ։ Ձեռքով թեթևակի սեղմելով՝ կտորներն իրար միացնել, որպեսզի գրտնակելիս հեշտ լինի։ Խմորի վրա ևս թեթևակի ալյուր ցողել ու գրտնակել 0,7 – 1 սմ հաստությամբ շերտ։ Տերևանման կաղապարների օգնությամբ խմորից տերևներ կտրել։ Տերևների բազմազանությունն ապահովելու նպատակով կարելի է գեղեցիկ տերևներ կտրել ստվարաթղթից, դնել խմորի շերտի վրա ու դանակի ծայրով խմորի վրա ձևել ու առանձնացնել համապատասխան ուրվագծով տերևներ։ Շերտի մնացորդները հավաքել, զգուշությամբ հունցելով (որպեսզի գույները շատ չխառնվեն) և գրտնակելով՝ կրկին շերտ ստանալ ու կրկնել նույն գործողությունը։

Տերևները շարել սկուտեղի վրա, պատառաքաղով ձևավորել տերևների ջղերը ու մի քանի րոպեով տեղափոխել սառցախցիկ։ Եթե թխելուց առաջ խմորը սառը լինի (բայց ոչ քարացած), թխվելու ընթացքում թխվածքաբլիթները չեն ձևափոխվի ու կպահպանեն նախատեսված ուրվագիծը։

Սառցախցիկից հանելուց հետո տերևները շարել ջեռոցի տապակի մեջ, ցանկության դեպքում վրաները մի քիչ շաքարավազ ցողել՝ եղյամապատ տեսք ապահովելու նպատակով ու թխել նախապես 200˚C տաքացրած ջեռոցում՝ 5 – 7 րոպե։ Երբ թխվածքաբլիթների եզրերը թեթևակի վարդագունեն, հանել ջեռոցից, թողնել՝ հովանա ու մատուցել։