Պարզվում է՝ ոչ բոլոր ձնեմարդերն են հալվում սենյակի տաք ու ջերմ մթնոլորտից: Թղթից պատրաստված ձնեմարդը ոչ միայն չի հալվում, այլև յուրովի է ջերմացնում այն՝ դառնալով սենյակի գեղեցիկ զարդարանք ձմռան սառնամանիքին:
Թղթե ձնեմարդ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սպիտակ և գունավոր թղթեր
սոսինձ
մկրատ:
Թղթե ձնեմարդ պատրաստելու եղանակն է.
վերցնել 2 մեծ և 2 ավելի փոքր չափսի սպիտակ թղթեր: Թղթերից յուրաքանչյուրը ծալել դարսերով, ապա ծալել մեջտեղից: Միաչափ թղթերը, եզրերից սոսնձելով իրար, ստանալ շրջան: Մեծ շրջանին սոսնձել փոքրը:
Նույն սկզբունքով պատրաստել 2 ավելի փոքր շրջաններ՝ ձեռքերի համար և կրկին սասնձել մեծի վրա:
Սև թղթից գլխարկ ձևել, ձևավորել սպիտակ ուղղանկյուն թղթով և սոսնձել փոքր շրջանի վրա:
Սև թղթից շրջանաձև ձևել կոճակներն ու աչքերը և սոսնձել համապատասխան հատվածներում, իսկ բերանը փոխարինել սև թղթի բարակ երիզով:
Քթի փոխարեն նարնջագույն թղթից փոքր կոն պատրաստել և սոսնձել:
Վզարկուն (շարֆը) պատրաստել երկնագույն կամ այլ գույնի թղթե երիզով: