Լցոնած դդմիկները, ախորժելի բույրի ու գրավիչ տեսքի շնորհիվ, կզարդարեն ընթրիքի ցանկացած սեղան։

Լցոնած դդմիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
միջին չափսի դդմիկ – 1 հատ
սունկ ագարիկոն (շամպինիոն) – 70 գ
սոխ – 50 գ
հալվող պանիր – 30 գ
թթվասեր, մայոնեզ կամ առանց հավելումների յոգուրտ – 30 գ
սամիթ
բուսայուղ – 1 ճ․ գ․
սխտորի փոշի
սև աղացած պղպեղ
աղ։
Լցոնած դդմիկի պատրաստման եղանակն է․
լվացած ու չորացրած դդմիկը երկարությամբ կիսել ու գդալի օգնությամբ հեռացնել սերմերը։ Այնուհետև համեմել աղով ու սխտորի փոշով, ապա տեղադրել 180˚C տաքացրած ջեռոցի մեջ՝ թողնելով 15 – 20 րոպե։
Այդ ընթացքում հարկավոր է պատրաստել լցոնը, որի համար հարկ է մանր կտրտել սոխն ու տապակել բուսայուղով, ապա թավայի մեջ ավելացնել մանր կտրտած սունկն ու դդմիկի միջուկը և միասին տապակել մինչև պատրաստ լինելը։ Այնուհետև ավելացնել թթվասերը, համեմել աղով ու պղպեղով, խառնել և վերցնել կրակից։
Ջեռոցից հանված դդմիկները լցոնել ստացված զանգվածով, վրան ծածկել պանրի քերած շերտով ու շարունակել թխել ջեռոցում ևս 15 րոպե՝ մինչև պանրի հալվելն ու վարդագունելը։
Մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով կտրտած սամիթով։