Սև խաղողի քաղցրաթթվաշային տեսակներից ստացվում են ոչ միայն համեղ քաղցր պահածոներ, այլ նաև հիանալի թանձրուկ՝ մսային, ձկնային, բրնձային ուտեստների համար։

Սխտորով ու համեմով խաղողի թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սև խաղող – 1 կգ
սխտոր – 2 գլուխ
ջուր – 100 մլ
համեմ – 1 փունջ
չորացրած ռեհան – 1 թ․ գ․
հազրեվարդ (խնկունի, розмарин) – 1 թ․ գ․
համեմունք «Իտալական խոտաբույսեր» – 1 թ․ գ․
աղ – 3 թ․ գ․։
Սխտորով ու համեմով խաղողի թանձրուկի պատրաստման եղանակն է․
խաղողի ողկույզից առանձնացնել հատիկները, բլենդերի օգնությամբ խյուս դարձնել ու մաղով քամել։ Թանձրուկի համար օգտագործվում է քամած թանձրահյութը։ Վերջինս լցնել կաթսայի մեջ ու եփել մարմանդ կրակով։
Մեկ այլ տարայի մեջ լցնել կտրտած սխտորն ու համեմը, ավելացնել ջուրը և բլենդերով հարել, ավելացնել մնացած համեմունքները, համեմել աղով ու կրկին հարել մի քանի վայրկյան։ Ստացված զանգվածն ավելացնել խաղողի թանձրահյութին ու եփել մոտ 30 րոպե՝ մինչև դառնա անհրաժեշտ թանձրության։ Ստացվում է մոտ 700 գ համեղ ու գունային վառ երանգով թանձրուկ։
Պատրաստի թանձրուկը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու փակել։ Այս թանձրուկը կարելի է պահել սառնարանում մի քանի շաբաթ։
Երկարատև պահպանման համար հարկավոր է եփելու ընթացքում մի քիչ քացախ ավելացնել։
