Լոլիկի ու սմբուկի համադրությամբ ուտեստների ցանկում կարելի է ավելացնել նաև այս հիանալի բաղադրատոմսը։

Լոլիկի թանձրուկով համեմված խորոված սմբուկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սմբուկ – 500 գ
լոլիկ – 600 գ
շաքարաազ – 1 թ․ գ
խնձորի քացախ – 1 թ․ գ
թանձրուկ «Տաբասկո» կամ այլ կծու թանձրուկ — ըստ ճաշակի
ջուր – 0,5 բաժակ
թարմ ռեհան – մի փոքր փունջ
թարմ անանուխ — մի փոքր փունջ
բուսայուղ
սև աղացած պղպեղ
աղ։
Լոլիկի թանձրուկով համեմված խորոված սմբուկների պատրաստման եղանակն է․
լավ լվացած ու պոչերը հեռացրած սմբուկները կտրտել 4 – 5 սմ հատությամբ շերտերով ու շարել ջեռոցի՝ բուսայուղով պատած տապակի մեջ։ Համեմել աղով ու սև պղպեղով և խորովել 220˚C տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե, որից հետո գուշությամբ շրջել սմբուկներն ու խորովել ևս 10 – 12 րոպե։
Այդ ընթացքում բլենդերով հարած կամ մսաղացով աղացած լոլիկները համեմել աղով ու ավելացնել տաք բուսայուղով թավայի մեջ՝ հասցնելով եռման։
Այնուհետև ավելացնել քացախը և թանձրուկն ու եփել մարմանդ կրակով մոտ 5 րոպե՝ անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնելով, որպեսզի թանձրուկը շատ թանձր չլինի։
Համեմել սև պղպեղով, ավելացնել կտրտած ռեհանն ու անանուխը և վերցնել կրակից։
Երբ լրանա սմբուկների խորովման երկրորդ ժամանակահատվածը, դրանց վրա գդալով լցել տաք թանձրուկից ու կրկին տեղափոխել ջեռոց 3 – 5 րոպեով։
Պատրաստի սմբուկները մատուցել տաք վիճակում։