Կաթնաշոռային լցոնով խորոված խնձորներ

Այս անուշաբույր ու ախորժելի տեսքով խորոված խնձորները ոչ միայն համեղ են ու շատ օգտակար, այլ նաև շատ արագ ու հեշտ են պատրաստվում։ Լցոնած ու խնձորներն անփոխարինելի նախաճաշ են ինչպես փոքրիկների, այնպես էլ առողջ ապրելակերպի հետևորդներ համար և հիանալի աղանդերը՝ սուրճի կամ թեյի սեղանին։

Կաթնաշոռային լցոնով խորոված խնձորներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խնձոր – 6 հատ

կաթնաշոռ – 150 գ

ձվի դեղնուց – 1 հատ

վանիլ

օսլա – 1 թ․ գ

չամիչ – ըստ ճաշակի

շաքարի փոշի կամ մեղր – 2 ճ․ գ։

Կաթնաշոռային լցոնով խորոված խնձորներ պատրաստելու եղանակն է․

ընտրված համաչափ ու լվացած խնձորներից բարակ շերտ կտրել, ապա զգուշությամբ հեռացնել սերմերը։

Կաթնաշոռը, ձվի դեղնուցը, շաքարի փոշին, չամիչը, օսլան և վանիլը միասին լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված։

Ստացված զանգվածով լցոնել խնձորները։

Ջեռոցի համար նախատեսված կաղապարը յուղել կամ յուղաթուղթ փռել։ Վրան շարել լցոնած խնձորները և խորովել նախապես 190-200˚C տաքացված ջեռոցում մոտավորապես 25-30 րոպե՝ մինչև խնձորի լիովին փափկելը (դա կարելի է ստուգել դանակով․ դանակի սայրը պետք է հեշտությամբ կտրի խնձորը)։

Կաթնաշոռային լցոնով խորոված խնձորները կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում՝ որպես ձևավորում օգտագործելով դաղձի թարմ տերևները, դարչինը կամ շաքարի փոշին։