Կաղամբով կոտլետներ՝ սպիտակաձավարով

Բոլոր բանջարեղենները հարուստ են բջջանյութով, վիտամիններով ու միկրոտարրերով, դրական ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա։ Դրանք կարելի է օգտագործել հում կամ ջերմային մշակում անցած վիճակում, համադրել տարբեր մթերքների հետ։

Կաղամբով պատրաստված կոտլետները պահպանում են կաղամբի օգտակար հատկությունների զգալի մասը և շատ համեղ։

Սպիտակաձավարով կաղամբով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաղամբ – 1 կգ

սպիտակաձավար – 1 բաժակ

աղ

աղացած սև պղպեղ

աղացած կարմիր պղպեղ

բուսայուղ։

Սպիտակաձավարով կաղամբով կոտլետների պատրաստման եղանակն է․

կաղամբը հնարավորինս լավ մանրացնել քերիչով կամ բլենդերով, որպեսզի, որքան հնարավոր է, շատ հյութ արտազատի։Վրան ավելացնել սպիտակաձավարը, համեմել աղով ու համեմունքներով ու լավ խառնել։

Խառնուրդը թողնել 1 – 2 ժամ, որպեսզի սպիտակաձավարը ներծծի կաղամբի արտազատած հյութը։ Արդյունքում պետք է ստացվի զանգված, որից հեշտությամբ կարելի է կոտլետներ ձևավորել։

Ձևավորված կոտլետները տապակել տաք բուսայուղով թավայի մեջ ու մատուցել տաք վիճակում։

Տարբերակ 2

Սպիտակաձավարով կաղամբով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սոխ – 1 գլուխ

կաղամբ  — 1 կգ

սպիտակաձավար – 0,5 բաժակ

ալյուր – 0,5 բաժակ

սխտոր – 2 պճեղ

կանաչի – ըստ ճաշակի

պաքսիմատի փոշի

աղացած սև պղպեղ

աղացած կարմիր պղպեղ

աղ

բուսայուղ։

Սպիտակաձավարով կաղամբով կոտլետների պատրաստման եղանակն է․

կաղամբը բաժանել մի քանի խոշոր մասերի ու եփել աղաջրով մոտ 8 – 10 րոպե, ջրքամել, աղալ մսաղացով կամ մանրացնել բլենդերով, ապա թեթևակի սեղմելով քամել արտազատած հյութը։

Հյութաքամած կաղամբի վրա ավելացնել շատ մանր կտրտած կամ քերիչով քերած սոխը, ճզմած սխտորը և մանր կտրտած կանաչին։ Համեմել աղով ու համեմունքներով, ավելացնել սպիտակաձավարի ու ալյուրի խառնուրդն ու լավ հունցել։ Զանգվածը թողնել 20 – 30 րոպե՝ հանգստանա, ապա ձևավորել միջին չափսի կոտլետներ։

Կոտլետները թավալել պաքսիմատի փոշու մեջ ու տապակել տաք բուսայուղով։

Մատուցելիս ձևավորել կտրտած կանաչով կամ կանաչ սոխով։