Կավճանկար հեղուկ ներկերով

Բոլոր երեխաները սիրում են բակում և՛ կավճանկարել, և՛ խաղալ ջրով ու ցեխով։ Այս բոլոր ժամանցները կարելի է համատեղել՝ կավճանկարելով հեղուկ ներկերով։ Այս ներկերը հեշտ լվացվում ու մաքրվում են ասֆալտի վրայից սովորական ջրի օգնությամբ, իսկ հագուստի վրայից ներկերի հեշտ հեռացումը կախված է պատրաստման ընացքում օգտագործվող գունանյութերի որակից։

Հեղուկ կավճաներկեր պատրաստելը շատ արագ ու դյուրին գործընթաց է։

Տարբերակ 1

Հեղուկ ներկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր – 2 բաժակ

սոդա – 0,5 բաժակ

օսլա – 0,5 բաժակ

ներկեր

պլաստիկե տարրա  

քացախ։

Հեղուկ ներկերի պատրաստման  եղանակն է․

տարրայի մեջ իրար խառնել սոդան և օսլան, ապա ավելացնել տաք ջուրը և լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված։

Նկարելու համար նախատեսված պլաստիկե տարրաներից յուրաքանչյուրի մեջ լցնել նախընտրած ներկերը, ապա ավելացնել պատրաստված զանգվածը, փակել տարրան և թափահարելով՝ լավ խառնել։

Պլաստիկե տարրան կարող է լինել ինչպես ցողացիրը (հեղուկացիր распылитель, пульверизатор) կամ սովորական պլաստիկե շիշը՝ կապարիչի վրա անցքեր բացած, այնպես էլ շամպունի կամ այլ նմանատիպ տարրա։ Կարևորն այն է , որ երեխայի համար հեշտ լինի սեղմել և կառավարել ներկի շիթի արտազատումը։

Նկարելուց առաջ տարրան լավ թափահարել, որպեսզի օսլայի նստվածքը կրկին խառնվի հեղուկ զանգվածին։

Երեխաների համար հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես են փրփրում իրենց նկարած նկարները։ Դրա համար պարզապես հարկավոր է նկարների վրա քացախ ցողել․ սոդայի և քացախի փոխազդեցությունից նկարված նկարները կսկսեն փրփրել՝ երեխաներին հնարավորություն ընձեռելով խաղալ նաև փրփուրի հետ։ Կախված երեխաների տարիքից՝ կարելի է բացատրել նաև փրփուրի առաջացման պատճառը։

Տարբերակ 2

Հեղուկ ներկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կավճափոշի – 1,5 բաժակ

ջուր – 1 բաժակ

գունաներկեր՝ գուաշ, ջրաներկ, սննդային ներկեր։

Հեղուկ ներկերի պատրաստման  եղանակն է․

իրար խառնել ջուրն ու կավճափոշին, ավելացնել ներկը, թողնել 1-2 ժամ՝ թանձրանա։

Կարելի է նկարել նախորդ տարբերակով՝ օգտագործելուց առաջ թափահարելով ներկերը, կամ ներկել  ներկարարական վրձիններով (малярные кисти)։ Դրա համար հարկավոր է ներկը լցնել լայն մակերեսով տարրայի մեջ։

Հերմետիկ տարրայում ներկը կարելի է պահել երկար ժամանակ․ այն չի կորցնում իր հատկությունները։ Իսկ եթե պահպանման ընթացքում այն չորացել է, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել ու խառնել։

Կավճափոշու հետ միաժամանակ կարելի է ջրի մեջ լուծել նաև սովորական կավիճների մնացորդները։

Այս կավճաներկերով կարելի է նկարել նաև փայտի, քարի, մետաղական ու այլ մակերևույթների վրա։

Տարբերակ 3

Հեղուկ ներկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ջուր — 1 բաժակ

եգիպտացորենի ալյուր – 0,5 բաժակ

գունաներկեր

հեղուկ օճառ կամ ամանների լվացման համար նախատեսված հեղուկ – մի քանի կաթիլ։

Հեղուկ ներկերի պատրաստման  եղանակն է․

տաք ջուրն ու ալյուրը խառնել այնպես, որ լինի միասեռ ու թեթև թանձրության զանգված, ավելացնել հեղուկ օճառը։ Տարրաների մեջ գունանյութեր լցնել, վրան լցնել հովացած զանգվածը։

Պատրաստի ներկերով կարելի է ստեղծագործել ըստ երևակայության։