Իր համակազմվածքով (консистенция) կինետիկ ավազը շոշափելիս հաճելի, փափուկ, կպչուն, թեթև ու օդեղեն է, որից հեշտությամբ կարելի է ծեփել տարբեր պատկերներ ձևակաղապարների միջոցով կամ ձեռքերով։

Կինետիկ ավազի առավելություններն են՝
- թափվելիս ցիրուցան չի լինում, ուստի հեշտ է հավաքել ցանկացած մակերեսից,
- պահպանման համար հատուկ պայմաններ պետք չեն,
- նյութի ստեղծած միջավայրն անբարենպաստ է միկրոօրգանիզմների բազմացման համար, ուստի անվտանգ է երեխաների համար,
- անհրաժեշտության դեպքում ավազը հեշտությամբ լվացվում ու մաքրվում է ցանկացած մակերևույթի վրայից,
- բարձր խոնավության պայմաններում չի կորցնում իր հատկությունները,
- կինետիկ ավազով խաղալիս ապահովվում է երեխայի հաճելի ժամանցը, և նա երբեք չի ձանձրանում,
- պատահաբար կուլ տալու դեպքում որևէ վտանգ չի ներկայացնում առողջության համար և օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով,
- նպաստում է երևակայության, տրամաբանության, ձեռքերի զգացողության, մանր մոտորիկայի ու խոսքի զարգացմանը,
- նվազեցնում է մկանային լարվածությունը,
- հանգստացնում է նյարդերը,
- ունի շոշափման համար հաճելի ու փափուկ նյութակազմվածք (текстура),
- վառ ու գեղեցիկ գունավորված ավազը թույլ է տալիս երեխային ստեղծել բազմազան գունային համադրություններ, ստանալ գունային նոր երանգներ, զարգացնել գունազգացողությունը,
- նպաստում է ուշադրության կենտրոնացմանը,
- բարենպաստ ազդեցություն է ունենում հոգեկան ու հուզական ներաշխարհի ձևավորման վրա,
- զարգացնում է տարածական ընկալումը,
- կարելի է օգտագործել նաև որպես նկարչության հարթակ՝ մատներով կամ համապատասխան գործիքներով նկարելով մակերեսին։
Կինետիկ ավազի թերություններն են՝
- սուր ու առանձնահատուկ հոտը, որն առաջանում է բաղադրության մեջ օգտագործվող սինթետիկ նյութերի ու գունանյութերի պատճառով։ Դրանք կարող են որոշ ժամանակ անց հօդս ցնդել կամ երկար ժամանակ պահպանվել՝ նույնիսկ արդեն լվացած ձեռքերի կամ ավազատուփի (песочница) վրա,
- փոքր քանդակները բավականին ձևապահպան են, սակայն մեծ քանդակները շատ արագ փլվում են ու կորցնում իրենց ձևը։