Հայն իր մանկանը կոչել է Ազատ,
Որ ազատ լինի հողը հարազատ։

Բայց հարձակվել են վայրենի մարդիկ,
Եվ նա զավակին կոչել է Մարտիկ։
Երկիրն է պղծել թշնամին հրեշ,
Եվ հայրը որդուն կոչել է Վրեժ։
Որպեսզի որդին կռվի տաքարյուն,
Հայրը ծնվածին կոչել է Կորյուն։
Նահատակնե՜ր են պետք եղել հերոս,
Եվ նոր անուն է գտել՝ Մարտիրոս։
Որպեսզի երկիրն առնի հարություն,
Հայը կոչվել է նաև Հարություն։
Լավ լուրերի է սպասել հավետ,
Եվ իր մանչուկին ասել է Ավետ։
Որ ազգը կռվի և մնա սակայն,
Որդուն կոչել է նա Մնացական։
Հույսո՛վ է ապրել մթում խաբուսիկ
Եվ անվանել է իր որդուն Հուսիկ։
Այժմ հայն ունի բախտավոր մի կյանք
Եվ զավակներին անվանում է Հայկ․․․
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ