Յուրաքանչյուր տանտիրուհի անպայման պատրաստում է լցոնած բանջարեղեն՝ կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ, դդմիկ․․․ Իսկ բազու՞կ։

Հավի մսով լցոնած բազուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բազուկ՝ միջին չափսի՝ մոտ 130 – 140 գ քաշով – 4 հատ
հավի փափկամիս – 100 գ
պինդ տեսակի պանիր – 40 գ
սոխ՝ միջին չափսի – 1 հատ
սխտոր – 1 պճեղ
մայոնեզ – 4 թ․ գ․
սոյայի թանձրուկ – 0,5 թ․ գ
քացախ – 1 թ․ գ․
բուսայուղ – 1 ճ․ գ․
սև աղացած պղպեղ
աղ։
Հավի մսով լցոնած բազուկի պատրաստման եղանակն է․
խորանարդաձև մանր կտրտած հավի փափկամսի վրա ավելացնել ճզմած կամ մանր կտրտած սխտորը, սոյայի թանձրուկը և քացախը, համեմել աղով ու սև պղպեղով։ Այդ ամենը լավ խառնել, ծածկել սննդային թաղանթով կամ կափարիչով ու տեղադրել սառնարանում՝ թողնելով մոտ 1 ժամ։
համաչափ ընտրված բազուկները լավ լվանալ ու եփել կամ խորովել ջեռոցում ( 140 – 150 ˚C ջերմաստիճանում խորովել 40 – 60 րոպե) մինչև փափկելը ու պատրաստ լինելը։ Այնուհետև հովացնել ու կեղևազրկել դրանք, որից հետո գդալիկով զգուշությամբ հեռացնել միջուկը։
բուսայուղով և մանր կտրտած սոխով սոխառած անել, ավելացնել հավի փափկամիսը ու ուժեղ կամ միջին կրակով տապակել մինչև պատրաստ լինելը։
Բազուկների ակոսիկները պատել մեկական թեյի գդալ մայոնեզով ու լցոնել հավի մսի լցոնով, ծածկել քերած պանրի հաստ շերտով և խորովել 200 ˚C տաքացրած ջեռոցում 10 – 12 րոպե՝ մինչև պանիրը հալվի ու թեթևակի ոսկեգունի։
Լցոնած բազուկները մատուցել տաք վիճակում։
