Հնդկաձավարի ու սնկի համադրությունն արտակարգ համային երանգ է հաղորդում սագին։

Հնդկաձավարով ու սնկով լցոնած սագ պատրաստելու համար անհրաժեշտ են ՝
սագ — 2,5 – 3 կգ
հնդկաձավար – 1 բաժակ
ջուր կամ արգանակ – 300 մլ
ագարիկոն( շամպինյոն) կամ այլ տեսակի սունկ – 300 գ
խոզապուխտ կամ որևէ ապխտած մսամթերք – 150 – 200 գ
սև սալորի չիր – ըստ ցանկության
գազար՝ միջին չափսի – 1 հատ
սոխ – 1 գլուխ
սխտոր – 1 պճեղ
բուսայուղ – 1 – 2 ճ․ գ
աղ
աղացած սև ու կարմիր պղպեղներ։
Հնդկաձավարով ու սնկով լցոնած սագի պատրաստման եղանակն է․
սագի վիզը կտրել կամ ատամի փայտիկով ամրացնել մարմնին, ապա ամբողջությամբ պատել աղով ու աղացած սև պղպեղով, իսկ փորի ներսի մասը պատել նաև ճզմած սխտորով։
Սագն այդ վիճակում 2 – 3 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում կամ 8 – 10 ժամ՝ սառնարանում։
Լցոնի պատրաստման համար հարկավոր է մաքրած ու լվացած հնդկաձավարի վրա ավելացնել եռացող ջուրը կամ արգանակը և եփել մինչև դառնա կիսաեփ։
Թավայի մեջ շատ բուսայուղով տապակել խորանարդաձև մանր կտրտած խոզապուխտի կտորները, ապա հանել թավայից։
Նույն թավայում տապակել կտրտած սոխը, ապա ավելացնել խոշոր քերիչով քերած գազարը, մի քիչ տապակել, ավելացնել կտրտած սունկը, համեմել աղով ու տապակել մոտ 5 րոպե, մինչև գրեթե պատրաստ լինելը։ Այնուհետև թավայի մեջ վերադարձնել տապակած խոզապուխտը, ցանկության դեպքում՝ սև սալորի կտրտած չիրը, կիսաեփ հնդկաձավարը, խառնել, համեմել աղով ու աղացած պղպեղներով։
Ստացված լցոնով լցոնել սագի փորը, բացվածքը կարել թելով կամ ատամի փայտիկների օգնությամբ փակել։
Լցոնած սագը տեղադրել ջեռոցի տոպրակի մեջ, ամուր կապել տոպրակի եզրը ու դնել ջեռոցի խոր տապակի մեջ, ու եփել 180 – 200˚C տաքացված ջեռոցում՝ մոտավորապես 2 ժամ՝ մինչև պատրաստ լինելը։ Հանել ջեռոցի տոպրակից ու տեղադրել ցանցի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը հոսի, այնուհետև տեղադրել մատուցման ափսեի մեջ։

Մատուցման ափսեն կարելի է ձևավորել նռան հատիկներով, խորոված խնձորներով, թարմ կիտրոնով և այլն։