Համեղ ու հյութալի ձմերուկը համտեսելուց հետո կեղևներն, իհարկե, կարելի է թափել։ Բայց այդ կեղևներից կարելի է պատրաստել ոչ պակաս համեղ քաղցրավենիքներ՝ մուրաբա, քաղցրաչիր, մարմելադ․․․
Կեղևից ստացվում են խրթխրթան ու չոր մակերեսով և շատ նուրբ ու փափուկ միջուկով համեղ մարմելադներ։

Ձմերուկի կեղևով մարմելադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձմերուկի կեղև — 500 գ
շաքարավազ – 600 գ
ջուր – 1 բաժակ
վանիլ – ըստ ճաշակի։
Ձմերուկի կեղևով մարմելադի պատրատման եղանակն է․
ձմերուկի կեղևից առանձնացնել սպիտակ շերտը, խորանարդաձև կտրտել, լցնել ջրի մեջ (կարելի է նաև սոդայի թույլ լուծույթի մեջ) և թողնել 8-10 ժամ։
Այնուհետև հանել ջրից, ցողել հոսող ջրով և թողնել՝ ջրքամվի։
250 գ շաքարավազով ու ջրով օշարակ եփել, կեղևները լցնել օշարակի մեջ և խառնելով եփել 15-20 րոպե։ Թողնել, որ հովանա, ապա կրկին եփել նույն ձևով։
Երրորդ անգամ եփելիս ավելացնել ևս 250 գ շաքարավազ ու վանիլը, խառնել այնքան, մինչև ողջ շաքարավազը՝ օշարակի հետ միասին, ամբողջությամբ ներծծվի ձմերուկի կեղևի կտորների մեջ։
Սկուտեղի վրա շաքարավազ ցողել, պատառաքաղով վրան շարել կեղևի կտորները։ Կրկին շաքարավազ ցողել և դնել քամահարվող և արևի ուղիղ ճառագայթներից հեռու որևէ տեղ՝ թողնելով, որ օշարակն ամբողջությամբ չորանա և մարմելադի մակերեսը կպչուն չլինի։

Ձմերուկի կեղևի մարմելադը կարելի է մատուցել պատրաստ լինելուն պես կամ շարել ապակե տարրայի մեջ, փակել կապարիչով և պահել զով կամ սառը տեղում։
