Ձմերուկի մուրաբա

Ձմերուկի պտղամսով պատրաստված այս հետաքրքիր ու անսովոր մուրաբան շատ համեղ է, գեղեցիկ ու անուշաբույր։

Տարբերակ 1

Ձմերուկի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձմերուկի պտղամիս – 800 գ

շաքարավազ – 800 գ

կիտրոն – 0,25 հատ

վանիլ կամ դարչին – ըստ ցանկության։

Ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակն է․

քաղցր, հասած ձմերուկը շերտատել 1 սմ լայնությամբ, հեռացնել կորիզներն ու կտրտել միջին չափսի խորանարդիկների։

Թասի մեջ լցրած կտորների վրա ավելացնել շաքարավազի կեսը և թողնել 4-8 ժամ, որպեսզի հյութն արտազատվի։

Քամել արտազատված հյութը, լցնել եփելու կամար նախատեսված տարրայի մեջ, ավելացնել մնացած շաքարավազը և միջին կրակով եռման հասցնել, ապա թույլ կրակով շարունակել եփել մինչև օշարակի պատրաստ լինելը։

Պատրաստի օշարակի մեջ ավելացնել կիտրոնի հյութը (կարելի է փոխարինել կիտրոնի աղով), խառնել ու թողնել՝ հովանա։

Օշարակը միջին կրակով կրկին եռման հասցնել, ավելացնել ձմերուկի կտորները։

Երբ մուրաբան սկսի եռալ, կրակը թուլացնել ու եփել 20-25 րոպե՝ փայտե գդալով անընդհատ հեռացնելով առաջացող փրփուրը։

Վերցնել կրակից, թողնել՝ հովանա՝ առանց կափարիչը փակելու։

Երբ ձմերուկի մուրաբան ամբողջությամբ հովանա, կրկին եփել մարմանդ կրակով՝ մինչև լիովին պատրաստ լինի՝ մոտավորապես 30 րոպե։

Տաք վիճակում մուրաբան լցնել նախապես մանրէազերծված տարաների մեջ, ամուր փակել կափարիչով ու պահել զով տեղում։

Տարբերակ 2

Ձմերուկի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձմերուկի պտղամիս – 1 կգ

շաքարավազ – 1 կգ

կիտրոնի աղ – 1-2 գ։

Ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակն է․

ձմերուկի պտղամիսը կտրտել միջին չափսի խորանարդիկների, հեռացնել կորիզները։ Լցնել էմալապատ տարրայի մեջ, վրան ավելացնել շաքարավազն ու թողնել 2-3 ժամ, որպեսզի հյութը հնարավորինս արտազատվի։

Այնուհետև մարմանդ կրակով տաքացնել ու եփել մոտավորապես 10-12 րոպե։ Վերցնել կրակից, թողնել՝ հովանա, ապա կրկնել գործողությունը։

Մի քանի ժամ հետո կրկին դնել կրակին ու եփել 20 րոպե՝ ավելացնելով կիտրոնի աղը։ Տաք վիճակում լցնել նախօրոք մանրէազերծված ապակե տարրաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Տարբերակ 3

Ձմերուկի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձմերուկի պտղամիս – 1 կգ

շաքարավազ – 1,2 կգ

կիտրոնի աղ –2-3 գ

վանիլ։

Ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակն է․

ձմերուկի պտղամիսը կտրտել միջին չափսի խորանարդիկների, հեռացնել կորիզները, վրան ավելացնել շաքարավազն ու թողնել 2-3 ժամ, որպեսզի հյութը հնարավորինս արտազատվի։

Արտազատված հյութը քամել ու օշարակ եփել։ Այնուհետև օշարակի մեջ ավելացնել ձմերուկի կտորները և հասցնել եռման։ Եռացնել մի քանի րոպե ու թողնել 8-10 ժամ՝ հովանա։

Կրկին եռացնել 2-3 րոպե ու հավացնել 3-5 ժամվա ընթացքում։

Երրորդ անգամ եփել 3-5 րոպե՝ ավելացնելով վանիլն ու կիտրոնաթթուն։

Տաք վիճակում լցնել մախօրոք մանրէազերծված ապակե 1 լիտրանոց տարրայի մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։