Մարինացված ձու

Մարինացված ձուն իրենից ներկայացնում է պինդ խաշած ձու՝ որոշակի ժամանակահատված պահած աղաջրում (ձվի թթու) կամ քացախային լուծույթում՝ համեմունքների կամ այլ հավելյալ բաղադրիչների հետ միասին։ Արդյունքում ձուն ձեռք է բերում համային նոր որակներ ու դառնում ավելի առաձգական։

Ի սկզբանե, ձվի մարինացումը հանդիսացել է մթերքի պիտանելիության ժամկետի երկարաձգման տարբերակ, սակայն ժամանակի ընթացքում այս ուտեստը համբավ ձեռք բերեց ու սիրվեց մարդկանց կողմից։

Մարինացվում են հավի ու լորի ձվերը։ Մարինացված ձուն աշխարհի մի շարք երկրներում օգտագործվում է և՛ որպես նախուտեստ, և՛ որպես ճաշալրաց, և՛ որպես խորտիկ՝ գարեջրի ու նմանատիպ այլ խմիչքների հետ։

Տարբերվում են ձվի մարինացման ձևերի մի քանի հիմնական եղանակ, որոնց տարբերությունը կայանում է մարինադի լուծույթի բաղադրության ու պատրաստման եղանակի մեջ։

Ըստ բրիտանական բաղադրատոմսերի՝ ձուն հարկավոր է եփել մարինացման լուծույթի մեջ, իսկ որոշ բաղադրատոմսերում պարտադիր է պաստերիզացումը։ Ձուն պահում են մարինադի լուծույթում՝ մեկ օրից մինչև մի քանի ամիս։

Լուծույթի բաղադրատոմսերը տարափոխվում են պարզից մինչև համային բարդ համադրություններ, որոնք պայմանավորված են համեմունքների բազմազանությամբ, սոխի, սխտորի, կոճապղպեղի, դափնու տերևի ու այլ բաղադրիչների առկայությամբ։

Չինական բաղադրատոմսերը պարունակում են համեմունքների ավելի մեծ բազմազանություն, որոնք առավել բնորոշ են իրենց խոհանոցին։

Գերմանական՝ հատկապես փենսիլվանիաբնակ գերմանացիների, բաղադրատոմսի հիմնական տարբերությունը պայմանավորված է մարինադում բազուկի ու սոխի, ինչպես նաև լրացուցիչ այլ համեմունքների առկայությամբ։ Բազուկի շնորհիվ մարինացման ընթացքում ձուն դառնում է վարդագույն, իսկ երկար պահելու դեպքում՝ նաև մանուշակագույն երանգ։ Գերմանացիների համար մարինացված ձուն պարտադիր նախուտեստ է հատկապես երեկույթների ու բացօթյա խնջույքների ժամանակ։

Դանիայում ձուն մարինացնում են կեղևով՝ սեղանի վրա գլորելու հետևանքով մակերեսին բազմաթիվ ճաքեր առաջացնելով։

Որոշ բաղադրատոմսերում առկա է կարմիր կաղամբ, որի արդյունքում ձուն մարիացվելու ընթացքում ներկվում է ու դառնում կապույտ։

Մարինացման գործընթացն արագացնելու նպատակով երբեմն ձուն ծակծկում են պատառաքաղով կամ ատամի փայտիկով, որը, սակայն, վնասում է ձվի ամբողջականությունը և նպաստում կլոստրիդների ու բոտուլոտոքսինների բազմացմանը, որոնք կարող են բերել ծանր հիվանդությունների։