«Գեներալ» շերտավոր աղցանը հենց այն աղցանն է, որը տոնական տեսք կհաղորդի սեղանին ու ըստ արժանվույն կգնահատվի հյուրերի կողմից։ Այս բազմաշերտ աղցանի թանձրուկը նրբահամություն է հաղորդում բոլոր բաղադրիչներին՝ դարձելով աղցանն ավելի համեղ ու ինքնատիպ։

«Գեներալ» շերտավոր աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խոշոր գազար – 2 – 3 հատ
բազուկ — 2 – 3 հատ
ձու – 4 — 5 հատ
հավի ապխտած փափկամիս – 400 — 500 գ
պինդ տեսակի պանիր – 100 — 150 գ
ընկույզ – 60 գ
սխտոր – 3 պճեղ
մայոնեզ – 300 գ
սամիթ – մի փոքր փունջ
աղ։
«Գեներալ» շերտավոր աղցանի պատրաստման եղանակն է․
նախապես հարկավոր է իրար խառնել ճզմած սխտորն ու մայոնեզը և համեմել աղով՝ պատրաստելով աղցանի թանձրուկը։
Մատուցման ափսեում՝ շրջանաձև կաղապարի մեջ, լցնել հավի՝ խորանարդաձև մանր կտրած մսի և 2 ճ․ գ թանձրուկի խառնուրդը, համաչափ տարածել։
Խոշոր քերիչով քերած խաշած ձվի շերտը տարածել առաջին շերտի վրա և պատել թանձրուկի բարակ շերտով։
Երրորդ շերտը ձևավորել խաշած ու քերիչով քերած գազարով ու կրկին պատել թանձրուկով։
Այնուհետև տարածել խոշոր քերիչով քերած պանիրը, թանձրուկապատել, ու տարածել վերջին՝ խաշած ու քերիչով անցկացրած բազուկի շերտը, ապա ծածկել թանձրուկի մնացած մասով։
Աղցանի մակերեսը ձևավորել մանր կտրտած կամ քերած ընկույզի շերտով, գազարից պատրաստված աստղիկներով ու սամիթի ճյուղերով։

Խնամքով հեռացնել կաղապարն ու աղցանը 2 ժամով տեղադրել սառնարանում, որպեսզի համերը միախառնվեն, ապա մատուցել։
