Հագուստի ցանկացած տեսակ հեշտությամբ կարելի է գեղազարդել՝ դարձնելով ինքնատիպ ու յուրահատուկ։
Գեղազարդման համար կարելի է օգտագործել ցանկացած նյութ՝ գործվածքներ, ուլունքներ, կոճակներ և այլն։

Շղարշե թիթեռնիկներով գեղազարդված տրիկոտաժի շապիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
տրիկոտաժե շապիկ
շղարշ (тюль)
թել ու ասեղ
ստվարաթուղթ
մատիտ
մկրատ
քորոցներ։
Շղարշե թիթեռնիկներով գեղազարդված տրիկոտաժի շապիկի պատրաստման եղանակն է․
ստվարաթղթի վրա նկարել կամ նախշակաղապարով ուրվագծել 2 միանման թիթեռ՝ չափսերի որոշակի տարբերությամբ։
Շղարշե գործվածքը բաժանել 2 հավասար մասի, ծալել 10 – 20 տակ ու յուրաքանչյուր ծալքի վրա քորոցներով ամրացնել թիթեռները, այնուհետև կտրել շղարշը համապատասխան ուրվագծով՝ ձևավորելով թիթեռնիկներ։
Ստացված թիթեռնիկները խմբավորել․ յուրաքանչյուր պատրաստի թիթեռի համար անհրաժեշտ է 2 մեծ թիթեռնիկի վրա դնել 2 փոքր թիթեռնիկ ու 2 – 3 կարակութով ամրակարել կենտրոնական մասում։
Անհրաժեշտ քանակով թիթեռներ ձևավորելուց հետո դրանք երկտակել ու արդուկել հնարավորինս ցածր ջերմաստիճանով՝ ծավալուն տեսք հաղորդելու նպատակով։

Տրիկոտաժի շապիկի վրա օճառով կամ կավճով նշել գեղազարդման տեղամասն ու ուրվագիծը, թիթեռները դասավորել նախատեսված տեղամասերում ու ամրացնել քորոցներով։
Ձեռքի մի քանի կարակութով թիթեռներն ամրացնել շապիկի վրա։
