Շոկոլադե մածուկ «Նուտելլա»՝ խտացրած կաթով

Հիրավի, կարելի է «Նուտելլա» շոկոլադե մածուկը գնել խանութից, սակայն կարելի է հաշված րոպեների ընթացքում այն պատրաստել նաև տնային պայմաններում՝ համոզված լինելով, որ այն իր համային հատկանիշներով չի զիջում խանութում առաջարկվող  արտադրատեսակներին և, ամենակարևորը, պատրատված է բնական մթերքներից ու չի պարունակում քիմիական հավելանյութեր։

Խտացրած կաթով «Նուտելլա» շոկոլադե մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խտացրած կաթ – 400 գ

պնդուկ – 200 գ

կարագ – 180 գ

կակաոյի փոշի – 50 գ

ալյուր – 25 գ

աղ – 1 պտղունց

շաքարավազ – ըստ ճաշակի։

Խտացրած կաթով «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման եղանակն է․

Թասիկի մեջ իրար խառնել ալյուրը, կակաոն, աղը (շաքարավազի առկայության դեպքում՝ նաև շաքարավազը) ու սրճաղացով աղացած պնդուկը։ Այնուհետև ավելացնել խտացրած կաթն ու սենյակային ջերմաստիճանում գտնվող կարագը։ Այդ ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի հնարավորինս համասեռ զանգված։

Ստացված զանգվածը եփել գոլորշու վրա այնքան, մինչև սկսի թանձրանալ՝ մերթ ընդ մերթ խառնելով։ Ապա վերցնել գոլորշու վրայից, լցնել ապակե տարրայի մեջ, թողնել՝ հովանա, փակել կափարիչով և պահել սառնարանում։