Ձիթենու՝ արդեն հասունացած սև պտուղները կոչվում են ձիթապտուղ (маслина), քանի որ դրանցից են ստանում բուսայուղը՝ ձեթը, իսկ կանաչ պտուղները, որոնք չեն օգտագործվում բուսայուղի արտադրության մեջ, անվանում են զեյթուն (олива)։
Պահածոյացված ձիթապտուղ և զեյթուն կարելի է գնել ցանկացած խանութից, որտեղ առաջարկվում է բավականին լայն տեսականի։ Սակայն այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում։

Պահածոյացված զեյթուն պատրաստելու համար անհրաժեշտ են՝
զեյթուն – 1 կգ
ջուր – 8 – 11 լ
սառը մամլման (extra virgin) ձիթայուղ – 20 մլ
կիտրոն – 1 հատ
սև հատիկավոր պղպեղ՝ ըստ ցանկության – 2 – 3 հատ
ծովային կամ կերակրի խոշոր աղ – 1կգ։
Պահածոյացված զեյթունի պատրաստման եղանակն է․
զեյթունները լվանալ, չորացնել ու թեթևակի հարվածել խոհարարական մուրճով, որպեսզի զեյթունի վրա առաջանան ճաքեր։ Լցնել տարայի մեջ, վրան ավելացնել 200 գ աղի ու 1,5 — 2 լ ջրի լուծույթն այնպես, որ հեղուկի մակարդակը մի քանի սանտիմետր բարձր լինի զեյթուններից։ Ծածկել ու թողնել զով վայրում 1 օր, որից հետո ջրքամել ու լավ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի դառնությունը հնարավորինս դուրս գա։ Գործողությունը կրկնել ևս 3 անգամ։
Հինգերորդ անգամ զեյթուններն աղաջրում թողնել 15 օր, ապա լվանալ ու լավ ջրքամել, որից հետո լցնել ապակե տարաների մեջ։ Յուրաքանչյուր տարայի մեջ 1 – 2 շերտ կիտրոն ու սև պղպեղ դնել։
1 լ ջրով ու 200 գ աղով աղաջուր եփել, հովացնել ու լցնել զեյթունների վրա, ապա մի քիչ ձիթայուղ ավելացնել և ամուր փակել։
Տարաները պահել մութ ու հնարավորինս սառը վայրում։
Պահածոյացված զեյթունը մատուցելուց առաջ լավ լվանալ, ապա ցողել ձիթայուղի ու կիտրոնի հյութի խառնուրդով։
