Պանրային նախուտեստ «Ձնեմարդ»

Ձնեմարդու տեսքով այս պարզ ու հասարակ նախուտեստն իր գեղեցկությամբ ու համով անտարբեր չի թողնի ոչ մեկին։

«Ձնեմարդ» նախուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պինդ տեսակի պանիր – 100 գ

ադիգական (адыгейский) կամ չերքեզական պանիր  – 150 գ

հալած պանիր – 100 գ

բրինզա Брынза տեսակի պանիր  — 150 գ

ձու – 3 հատ

սխտոր – 2 պճեղ

մայոնեզ – 100 գ

մաղադանոս – մի փունջ

աղ

աղացած պղպեղներ կամ այլ համեմունքներ – ըստ ճաշակի

գազար – 1 հատ

գունավոր պղպեղ – մի բարակ շերտ

մեխակ։

«Ձնեմարդ» նախուտեստի պատրաստման եղանակն է․

եղևնիներ պատրաստելու համար հարկավոր է իրար խառնել մանր քերիչով քերած պինդ տեսակի պանիրը, 2 խաշած ձուն ու հալած պանիրը։ Ավելացնել 1 պճեղ ճզմած սխտոր ու 2 ճ․ գ մայոնեզ։ Խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ ու կպչուն զանգված։

Ստացված զանգվածից կոներ ձևավորել ու դնել մատուցման ափսեի մեջ, ապա ողջ մակերեսը ծածկել մաղադանոսի տերևներով՝ ձևավորելով եղևնու փշերը։

Ձնեմարդեր պատրաստելու համար անհրաժեշտ է իրար խառնել մանր քերիչով քերած ադիգական պանիր, բրինզա տեսակի պանիրը և 1 խաշած ձուն։ Ապա ավելացնել մնացած ճզմած սխտորն ու մայոնեզը և խառնել՝ մինչև դառնա միասեռ զանգված։

Պատրաստի զանգվածից երեք տարբեր չափերի գնդիկներ ձևավորել ու փայտիկները որպես առանցք օգտագործելով՝ ձնեմարդեր պատրաստել, տեղադրել մատուցման ափսեի մեջ՝ եղևնիների հարևանութամբ։

Մեխակներով ձևավորել աչքերն ու կոճակները, պղպեղի կամ գազարի շերտի բարակ տաշեղով ՝ քիթը, իսկ երկու տարբեր տրամաչափի գազարի շերտերից՝ գլխարկը, որոնք կարելի է ամրացնել մի քիչ մայոնեզի միջոցով։ Մաղադանոսի ճյուղիկները կծառայեն որպես ձեռքեր։

Ի դեպ, բաղադրատոմսում նշված պանիրների տեսականին կարելի է փոփոխել՝ ըստ նախասիրության և ճաշակի։