Ջեռոցում տապակած հավ՝ լցոնած նարնջով

Այս տարբերակով պատրաստված հավը (կարելի է օգտագործել նաև հնդկահավ) կատարյալ տարբերակ է տոնական առիթների ժամանակ պատրաստելու և հյուրասիրելու համար։ Նրա ախորժելի տեսքն ու անկրկնելի համն անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Նարնջով լցոնված տապակած հավ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավ՝ ամբողջական – 1,8 – 2 կգ

նարինջ – 400 – 450 գ

սխտոր – 1 գլուխ

մայոնեզ – 100 գ

աղ – 1 ճ․ գ

աղացած սև պղպեղ  — 1 թ․ գ։

Նարնջով լցոնված տապակած հավի պատրաստման եղանակն է․

հավի իրանի կաշին խնամքով ու զգուշությամբ առանձնացնել մսից՝ պահպանելով ամբողջականությունը։ Այնուհետև կաշվի տակ՝ մեջքի ու կրծքամասի ողջ մակերեսով, խնամքով շարել նարնջի մի մասի՝ լվացած ու շերտատած կտորները։

Հավն ամբողջությամբ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից պատել մայոնեզի, աղի ու սև պղպեղի խառնուրդով։ Ապա հավը լցոնել սխտորով ու մնացած նարնջի՝ կամայական կտրտած կտորներով։ Կապել ոտքերն ու տեղադրել բուսայուղով պատած ջեռոցի կաղապարի մեջ։

Հավը տապակել 190˚C տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը՝ մոտ 1 ժամ։ Պատրաստի հավը հանել ջեռոցից, տեղադրել մատուցման ափսեի մեջ, ձևավորել թարմ նարնջով ու խորոված սխտորով և մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։