Կարամելային այս թանձրուկը հիանալի լրացում է մի շարք աղանդերների՝ պաղպաղակի, տարատեսակ կրեմների ու մուսերի համար, հրաշալի համային նրբերանգներ է հաղորդում խմորեղեններին ու կարող է որպես զարդարանք ծառայել տորթերի ձևավորման ժամանակ։
Այն կարելի է պարզապես քսել հացի կտորին ու վայելել մի բաժակ թեյի կամ տաք կաթի հետ։
Տարբերակ 1

Սերուցքային կարամելի թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
շաքարավազ – 0,25 բաժակ
շաքարի փոշի – 2,5 բաժակ
ջուր – 2 ճ․ գ
սերուցք՝ 33% յուղայնությամբ – 0,25 բաժակ
կարագ – 150 գ
վանիլ
աղ – 1 պտղունց։
Սերուցքային կարամելի թանձրուկի պատրաստման եղանակն է․
շաքարավազն ու ջուրը խառնել ու միջին կրակով հասցնել եռման։ Առանց խառնելու եփել այնքան, մինչև զանգվածը դառնա բաց ոսկեգույն։
Պատրաստված կարամելը վերցնել կրակից ու փայտե գդալով խառնել սենյակային ջերմաստիճանի սերուցքի ու վանիլի հետ այնպես, որ ստացվի համասեռ զանգված։
Զանգվածը թողնել 20 րոպե՝ հովանա։ Այդ ընթացքում այն կդառնա առաձգական ու կունենա թեթևակի գոլություն։
Այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագը հարել աղի հետ, ավելացնել շաքարի փոշին, կրկին լավ հարել ու խառնելով ավելացնել սերուցքային կարամելը։ Հարել այնքան, մինչև ստացվի թեթև ու օդեղեն զանգված՝ մոտ 3 րոպե։
Տարբերակ 2

Սերուցքային կարամելի թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
շաքարավազ- 225 գ
կարագ – 70 գ
սերուցք՝ 30% և ավելի յուղայնությամբ – 200 մլ
ջուր – 65 մլ
աղ – 0,25 – 0,5 թ․ գ։
Սերուցքային կարամելի թանձրուկի պատրաստման եղանակն է․
հաստ ու չկպչող տակով կաթսայի մեջ լցնել շաքարավազն ու ջուրը։ Միջին կրակով եփել այնքան, որ շաքարավազն ամբողջությամբ հալվի ու ձեռք բերի ոսկեգույն երանգ (պատրաստի կարամելի ջերմաստիճանը պատք է լինի 160 — 170˚C)։
Ապա կարամելին ավելացնել սենյակային ջերմաստիճանի սերուցքն ու անընդհատ խառնել փայտե կամ սիլիկոնե խոհարարական թիակով։
Երբ զանգվածը դադարի փրփրել, ավելացնել նույն ջերմաստիճանի կարագն ու լավ խառնել։
Համասեռ զանգված ստանալուց հետո ավելացնել աղն ու վերցնել կրակից։
Մատուցել ոչ շատ տաք կամ գոլ վիճակում։