Սնկով և լոլիկի չրով կարկանդակ

Կարկանդակի սիրահարները անպայման կհավանեն սնկով կարկանդակի այս բաղադրատոմսը: Այն ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ արագ ու հեշտ է պատրաստվում:

Սնկով և լոլիկի չրով կարկանդակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

թերթոն (շերտավոր) խմոր – 200-300 գ

սունկ ագարիկոն (շամպինյոն) – 250 գ

պանիր – 100-150 գ

ձու – 2 հատ

սոխ – 1 գլուխ

գազար – 1 հատ

սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 100 մլ

թթվասեր — 350 գ

սխտոր — 3 պճեղ

լոլիկի չիր — 5-7 հատ

մաղադանոս — մի քանի փունջ

բուսայուղ աղ, սև պղպեղ — ըստ ճաշակի:

Սնկով կարկանդակի պատրաստման եղանակն է.

մի քիչ բուսայուղի մեջ տապակել մանր կտրտած սոխը, կտրտած սունկը, քերած գազարն ու  ճզմած սխտորը: Համեմել աղով և սև պղպեղով:

Խմորը գրտնակել և փռել կաղապարի մեջ այնպես, որ այն տարածվի կաղապարի ողջ մակերեսով: Այնուհետև խմորի վրա լցնել լոլիկի կտրտած չիրը (կարելի է փոխարինել թարմ լոլիկի պտղամսով) և տապակված բանջարեղենը (ձևավորման համար մի քիչ թողնել):

Պանիրը քերել քերիչով և 1/3 մասը ձևավորման համար առանձնացնել:

Սնկով և լոլիկի չրով կարկանդակի լցաշաղախի (заливка) պատրաստման եղանակն է.

խորը թասիկի մեջ իրար խառնել պանրի 2/3 մասը, ձուն, սերուցքն ու թթվասերը: Համեմել աղով և սև պղպեղով:

Լցաշաղախը լցնել կարկանդակի վրա և թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

Երբ կարկանդակն սկսի վարդագունել, հանել ջեռոցից, երեսը պատել պանրի մնացած մասով, կենտրոնում լցնել տապակված բանջարեղենի մնացորդը և շարունակել թխել ևս 15 րոպե:

Մատուցելիս ձևավորել կտրտած մաղադանոսով:

Սնկով և լոլիկի չրով կարկանդակը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: