Սև սալորով և տանձով կոմպոտ

Այս կոմպոտում ցայտուն արտահայտվում են սալորի գեղեցիկ գույնն ու թեթևակի թթվաշությունը և տանձի մեղրահամ քաղցրությունը։

Սև սալորով և տանձով կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սև սալոր – 300 — 400 գ

տանձ – 300 – 400 գ

շաքարավազ – 1 բաժակ

ջուր – մոտ 2 լ։

Սև սալորով և տանձով կոմպոտի պատրաստման եղանակն է․

3 լիտր տարողությամբ ապակե մանրէազերծված տարայի մեջ լցնել երկու մասի բաժանած ու կորիզներից մաքրած սալորները և սերմնատուփը հեռացրած ու շերտատած տանձերը։ Մրգերը պետք է կազմեն տարայի ծավալի 1/3 – 1/2 – ը։

Տարան բերնեբերան լցնել եռացող ջրով, ծածկել կափարիչով ու թողնել 20 րոպե, որից հետո ստացված թուրմը քամել, դնել կրակին, ավելացնել շաքարավազն ու եռացնել մարմանդ կրակով 1 – 2 րոպե՝ մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի։

Ստացված օշարակը տաք վիճակում լցնել տարայի մեջ ու ամուր փակել կափարիչով։

Փակված տարաները շրջել, ծածկել տաք ծածկոցով ու թողնել՝ հովանա։