Վարդի թերթիկներից օշարակ

Թեյի վարդը լայն կիրառություն ունի հատկապես արևելյան խոհանոցում, որտեղ դրանից պատրաստում են բազմաթիվ քաղցրեղեններ, օգտագործում աղանդերների պատրաստման ու հրուշակագործության մեջ։ Ամենից տարածված ու սիրված քաղցրեղեններց մեկն օշարակն է։

Տարբերակ 1

Վարդի թերթիկներից օշարակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վարդի թերթիկներ – 100 գ

շաքարավազ – 600 գ

ջուր – 1 լ

կիտրոն – 1 հատ։

Վարդի թերթիկներից օշարակի պատրաստման եղանակն է․

ջուրն  ու շաքարավազը միասին եփել այնքան, որ ստացվի ցանկալի թանձրության օշարակ ու եռացող վիճակում լցնել վարդի լվացած թերթիկների վրա, ավելացնել կիտրոնի հյութն ու փակել կափարիչով։ Թրմել 1 օր, որից հետո հեռացնել թերթիկները, իսկ ստացված օշարակը պահել սառնարանում։

Այս եղանակով պատրաստված օշարակի պահպանման ժամկետը շատ քիչ է, սակայն ունի շատ հագեցած գույն, համ ու բույր։

Տարբերակ 2

Վարդի թերթիկներից օշարակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վարդի թերթիկներ – 250 գ

շաքարավազ – 1,2 – 1,3 կգ

ջուր – 1,25 լ

կիտրոնաթթու – 0,5 — 1 թ․ գ։

Վարդի թերթիկներից օշարակի պատրաստման եղանակն է․

վարդի թերթիկները կիտրոնաթթվի հետ տրորել ձեռքերով, որպեսզի սկսի հյութ արտազատել կամ հարել բլենդերով։

Թերթիկների վրա լցնել 0,5 լ եռացող ջուր, փակել կափարիչով ու թրմել սենյակային պայմաններում՝ թողնելով 1 – 1,5 օր։

Այնուհետև մնացած ջրով ու շաքարավազով օշարակ եփել ու վրան ավելացնել թերթիկներից քամած թուրմը։

Մարմանդ կրակով շարունակել եփել մինչև պատրաստ լինելը՝ պարբերաբար հեռացնելով առաջացող փրփուրը։

Պատրաստի օշարակը լցնել կանխավ մանրէազերծված ապակե տարաների մեջ, ամուր փակել մետաղական կափարիչով ու պահել զով վայրում։