Ցորենի ծլեցումը Սուրբ Զատիկի տոնի նախապատրաստության ժողովրդական ավանդույթներից մեկն է: Այն ոչ միայն գեղեցիկ ձևավորում է Սուրբ Զատիկի սեղանի համար, այլև գարնանային աննկարագրելի շունչ ու տրամադրություն է հաղորդում բնակարանին:

Զատիկի համար ներկված ձվերը դրվում են ծլեցրած ցորենի մեջ, քանի որ այն խորհրդանշում է մեռնող ու հառնող կյանքը: Այսինքն` ցորենը ցանվում է՝ ցորենը «մեռնում» է, հետո ծլում ու միջից դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը՝ հարությունը:
Քրիսոնեական որոշ երկրներում ծլեցված ցորենի ափսեի շուրջ դրվում է 12 ձու, որոնք խորհրդանշում են Քրիստոսի 12 աշակերտներին, իսկ կենտրոնում դրվում է ևս մեկը՝ խորհրդանշելով Քրիստոսին:
Ցորենը հնարավոր է ծլեցնել ցանկացած տարրայի մեջ (մետաղե, ստվարաթղթե, պլաստիկե և այլն), իսկ որպես հիմք` օգտագործել բամբակը, թանզիվը (марля), հողը, փայտի թեփը:
Սեղանի յուրահատուկ ձևավորման համար երբեմն ցորենը փոխարինվում կամ համադրվում է այլ հացահատիկների հետ: Իրենց գեղեցիկ ու հետաքրքիր ծլերով սեղանին առավել հետաքրքիր տեսք են հաղորդում նաև ոսպի, լոբու և ոլոռի ծլերը:
Հացահատիկների ծլեցման համար անհրաժեշտ է 3-4 շաբաթ:
Ստորև ներկայացված տարբերակներից յուրաքանչյուր տանտիկին կարող է ընտրել առավել նախընտրելին:
1. Ցորենի ծլեցումը հողով լի տարրայում

Ցորենի ծլեցման համար անհրաժեշտ են՝
ցորեն կամ այլ սերմնահատիկ
տարրա
հող
պոլիէթիլենային տոպրակ:
Ցորենի ծլեցման եղանակն է.
Ցորենը մաքրել, լվանալ և լցնել թասիկի մեջ: Վրան լցնել սենյակային ջերմաստիճանի այնքան ջուր, որ ցորենն ամբողջությամբ ծակվի: Ծածկել նախօրոք մի քանի տեղից ծակծկված (որպեսզի ապահովվի օդի ներթափանցումը) պոլիէթիլենային տոպրակով և դնել սենյակի տաք անկյունում՝ թողնելով 12-24 ժամ:
Երբ արդեն երևան ցորենի ծլերը, զգուշությամբ դատարկել թասիկի ավելորդ ջուրը:

Եթե նախատեսված տարրան ծակոտկեն է (զամբյուղ, ծղոտե այլ տարրա և այլն), ապա անհրաժեշտ է ջրի հոսքը կանխելու նպատակով տարրայի մեջ պոլիէթիլենային տոպրակ փռել: Տարրայի մեջ փռել3-4 սմ –ից ոչ պակաս հաստությամբ հողի շերտը, վրան խիտ ծածկույթով փռել ծլած ցորենը և ջրել:
Հարկավոր է պարբերաբար ջրել ցորենի ծիլերը՝ խուսափելով ավելորդ խոնավությունից:
Ցանկության դեպքում ցորենը կարելի է զարդարել ձվերով, ծաղիկներով, զատկային այլ զարդարանքներով:


2. Ցորենի ծլեցումը հողով լի ձվի կեղևների մեջ

Որպես տարրա կարելի է օգտագործել նաև ձվի կեղևը: Դրա համար անհրաժեշտ են՝
ցորեն
ձվի դատարկ կեղևներ
գունանյութեր
հող:
Ձվի կեղևները կարելի է և՛ ներկել, և՛ թողնել սպիտակ: Ներկելու համար հարկավոր է գունանյութը լուծել ջրում և ձվի կեղևները ներկել զատկային ձվերի ներկման սկզբունքով: Ապա թողնել, որ լավ չորանան:
Այնուհետև կեղևների 2/3-ը հող լցնել, թեթևակի ջրել, ծածկել ածիկի (ծլեցրած ցորեն) շերտով, վրան թեթևակի հող լցնել, որ ցորենները ծածկվեն և դնել արևոտ լուսամուտագոգին՝ պարբերաբար դրանք ջրելով:
Եթե ձվի կեղրները տեղադրված են փակվող տուփի մեջ, ապա սկզբնական շրջանում գիշերային ժամերին այն կարելի է փակել՝ ցորենի ծլերի համար ստեղծելով յուրօրինակ ջերմոց:

3. Ցորենի ծլեցումը բամբակի վրա

Բամբակի կամ թանզիվի վրա ցորենի ծլեցման առավելությունը կայանում է նրանում, որ արդեն ծլած ցորենը բամբակի հետ միասին կարելի է հանել կաղապարի մեջից և օգտագործել ցանկացած ձևավորման մեջ:
Բամբակի վրա ցորենի ծլեցման համար անհրաժեշտ են՝
ցորեն
բամբակ կամ թանզիվ
ցանկացած տարրա կամ կաղապար:
Բամբակի վրա ցորենի ծլեցման եղանակն է.
նախօրոք ընտրված կաղապարի մեջ բարակ շերտով բամբակ փռել և թեթևակի ջրել: Այնուհետև բամբակի վրա տարածել ցորենն այնպես, որ ստացվի ոչ շատ խիտ շերտ:
Ամեն օր անհրաժեշտ է չափավոր քանակությամբ ջրով ջրել ցորենը: Չափից շատ ջուրը կարող է վնասել ցորենը:

7-10 օրվա ընթացքում արդեն կերևան ցորենի կանաչ ծլերը: