Փխրուն խմորից պատրաստված այս համեղ խնձորով ծրարիկների համը կգրավի մրգային միջուկով թխվածքների սիրահարների սրտերն ու գովասանքի կարժանացնի խոհարարին:

Փխրուն խմորից խնձորով ծրարիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սերուցքային կարագ – 250 գ
ալյուր – 2-3 բաժակ
ձու – 2 հատ
շաքարավազ – 0.5 բաժակ
թթվասեր – 3 ճ. գ
սոդա – 0.5 թ. գ
խնձոր – 7-8 հատ
աղ – 1 պտղունց
դարչին – ըստ ճաշակի:
Փխրուն խմորից խնձորով ծրարիկների պատրաստման եղանակն է.
կարագը լավ սառեցնել ու քերել քերիչով: Ավելացնել շաքարավազի կեսն ու ալյուրը (1 ճ, գ առանձնացնել միջուկի համար): Առանց հունցելու թեթևակի խառնել, մեջտեղում փոսիկ բացել և ավելացնել ձուն, թթվասերի ու սոդայի խառնուրդը, աղը: Այս բոլոր բաղադրիչներն իրար խառնելով՝ խմոր հունցել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և դնել սառնարան՝ թողնելով այնտեղ 20-30 ր:
Խմորը հանել սառնարանից, գրտնակել և 10*10 սմ չափով քառակուսիներ կտրտել: Քառակուսիների թիվը պետք է զույգ լինի:
Միջուկի պատրաստման համար լվացած, կեղևից ու սերմերից մաքրած խնձորները մանր կտրտել: Վրան ավելացնել շաքարավազի մնացած մասը, 1 ճ. գ ալյուրը, դարչինը և խառնել:
Ստացված միջուկը գդալով դնել քառակուսու մեջտեղում, վրան ծածկել մյուս քառակուսով, և ամրացնելով՝ իրար միացնել երկու շերտերի եզրերը:

Ստացված ծրարիկները շարել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում մինչև վարդագունելը:
Մատուցել սառը վիճակում: Ցանկության դեպքում կարելի է վրան շաքարի փոշի ցանել:
