Փողաշուշաններ՝ եգիպտացորենի թերթիկներից

Եգիպտացորենի չորացրած թերթիկներից պատրաստված փողաշուշանները տարվա բոլոր եղանակններին կհաղորդեն թարմության շունչ ու գարնանային տրամադրություն։

Եգիպտացորենի թերթիկներից փողաշուշաններ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եգիպտացորենի կոշտ ու լայն չորացած թերթիկներ – 2 հատ

եգիպտացորենի նուրբ ու բարակ չորացած թերթիկներ – 2 հատ

փայտամշակման համար նախատեսված սոսինձ

արդուկ՝ կենցաղային և վարսահարդարման

դեղին ներկ

թել

արհեստական ծաղկի ցողուն կամ մետաղալար – 1 հատ

ստվարաթուղթ – 1 փոքր կտոր

սոսնձային ատրճանակ

թղթե կանաչ ժապավեն։

Եգիպտացորենի թերթիկներից փողաշուշանների պատրաստման եղանակն է․

եգիպտացորենի՝ արդեն լավ չորացած թերթիկների ամենալայն մասերն առանձնացնել, հնարավորինս հարթեցնել։ Երկուական թերթիկներ իրար սոսնձել՝ պահպանելով ուղղությունը։

Երբ սոսինձը լավ չորանա, ստացված թերթիկն արդուկել՝ հնարավորինս հարթ մակերես ապահովելու նպատակով։

Ստվարաթղթի վրա մատիտով նկարել տերևաթիկնոցի նախշակաղապարը (շաբլոն, տրաֆարետ) և կտրել։

Պատրաստի թերթիկը ձևել ըստ նախշակաղապարի այնպես, որ թերթիկի ուղղությունը համապատասխանի նախշակաղապարի երկարության հետ։

Նուրբ ու բարակ, նախապես դեղին ներկած թերթիկները փաթաթել արհեստական ծաղկի ցողունի մի եզրի վրա ու թելով կապելով՝ ամրացնել՝ ձևավորելով փողաշուշանի վարսանդը։

Սոսնձային ատրճանակի օգնությամբ տերևաթիկնոցը սոսնձել վարսանդի շուրջը՝ ձևավորելով փողաշուշան։ Սոսնձով միացնել նաև տերևաթիկնոցի երկու եզրերը։

Թղթե կանաչ ժապավենով փաթաթել ցողունը ողջ երկայնքով՝ ժամանակ առ ժամանակ փաթույթները թեթևակի սոսնձելով, որպեսզի ցողունը պիրկ ու գեղեցիկ տեսք ունենա։

Բնական փողաշուշանին առավել նման դարձնելու նպատակով տերևաթիկնոցի եզրը վարսահարդարման արդուկի միջոցով թեթևակի կորացնել։

Եգիպտացորենի թերթիկներից պատրաստված փողաշուշանները կարելի կիրառել նվերների ձևավորման կամ այլ դեկորատիվ-կիրառական աշխատանքների գեղազարդման համար։