Այս փոքրիկ ու գեղեցիկ տիկնիկը պատրաստվում է շատ արագ։ Այն կարելի է օգտագործել՝ որպես կախազարդ կամ զարդարանքի տարր, կամ նվիրել՝ որպես ձեռագործ փոքրիկ հուշանվեր։ Իսկ թափանցիկ գործվածքից թևեր ամրացնելու դեպքում տիկնիկը կդառնա հիասքանչ փոքրիկ փերի։
Տարբերակ 1

Ոլունքով և քուղով տիկնիկ- կախազարդ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ուլունք՝ խոշոր ու լայն անցքով – 1 հատ
ուլունք՝ մանր ու խոշոր անցքով – 4 հատ
գունավոր բարակ գործվածք – 4х3 սմ և 5 x 25 – 30 սմ
սպիտակ բարակ գործվածք – 5 x 25 – 30 սմ
գործվածքի նեղ ժապավեն – 10 – 12 սմ
քուղ կամ ձեռագործի հաստ թել – 40 սմ
կարի թել՝ ասեղով
ներկամատիտ (ֆլոմաստեր) կամ եղունգների գունավոր լաք։
Ոլունքով և քուղով տիկնիկ- կախազարդի պատրաստման եղանակն է․
ներկամատիտով կամ գունավոր լաքերով մեծ ուլունքի վրա նկարել տիկնիկի դեմքը։
Ժապավենը երկտակել ու եզրերն անցկացնել խոշոր ուլունքի անցքով այնպես, որ ծալված հատվածը ձևավորի փոքրիկ օղակ։ Գլխազարդի համար նախատեսված 4х3 սմ չափսի գործվածք անցկացնել օղակի միջով մինչև կենտրոն ու ժապավենի եզրերը ձգել՝ հնարավորինս անշարժ դիրք ապահովելով ժապավենակապի համար։
Քուղը բաժանել 2 հավասար մասի ու կենտրոնները, տեղադրելով ժապավենի երկու եզրերի մեջտեղում, ամուր հանգուցել։ Քուղերից երկուսն առանձնացնել ձեռքերի համար։

Շիտակ երեսներով դեպի ներս՝ միմյանցից 0,7 սմ տարբերությամբ, իրար վրա դնել 5 x 25 – 30 սմ չափերով գունավոր ու սպիտակ գործվածքները։ Գունավոր գործվածքի տարբերությունը, որպես շրջակտոր, ծալել սպիտակ գործվածքի վրա ու մանր կարակութերով շուլալակարել (բլանդել) և ձգելով թելը՝ ամրացնել տիկնիկի վզի հատվածում՝ ամուր ամրակարելով քուղերի ու ժապավենի հանգույցի վրա։

Ձեռքերի համար նախատեսված քուղերը կարճեցնել անհրաժեշտ երկարությամբ։ Տիկնիկի ոտքերին ու ձեռքերին մեկական ուլունք անցկացնել և հանգուցել։

Տարբերակ 2

Ուլունքով և քուղով տիկնիկ- կախազարդ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ուլունք՝ խոշոր ու լայն անցքով – 1 հատ
գործվածք – 15 x 5,5 սմ
հելուն կամ բարակ մետաղալար
ձեռագործի թելեր
կարի թել՝ ասեղով
քուղ՝ հաստ – 20 սմ
քուղ՝ բարակ – 10- 12 սմ
ներկամատիտ (ֆլոմաստեր)։
Ուլունքով և քուղով տիկնիկ- կախազարդի պատրաստման եղանակն է․
հաստ քուղը երկտակել ու ծալված մասը հելունով կամ մետաղալարի միջոցով (մետաղալարը երկտակել՝ ընդգրկելով քուղի ծալված մասը և ձևավորել ինքատիպ ասեղ) անցկացնել ուլունքի անցքով այնպես, որ քուղից ստացվի մի փոքրիկ օղակ։
Ձեռագործի համար նախատեսված թելից կտրտել հավասարաչափ երկարության ու կամայական քանակի թելեր (երկարությունը պետք է լինի մազերի ցանկալի երկարության կրկնապատիկը, իսկ քանակից կախված է մազերի փարթամությունը) ու այդ խուրձն անցկացնել քուղե օղակի միջով այնպես, որ օղակի աջ և ձախ կողմերից խուրձն ունենա հավասար երկարություն՝ այդպիսով ձևավորելով տիկնիկի վարսերը։
Մազերի գույնին համապատասխան կարի թելով ՝ ասեղի օգնությամբ, տիկնիկի վարսերն ամուր կարել քուղե օղակից, ապա քուղի եզրերը քաշել այնպես, որ օղակը հնարավորինս փոքրանա։
Տիկնիկի սանրվածքի ձև պահպանելու նպատակով գլխի մազածածկ հատվածը կարելի է սոսնձել անգույն որևէ սոսնձով։
Ուլունքի ներքևում՝ տիկնիկի վզի հատվածում, հաստ քուղի վրա ամուր կապել բարակ քուղը՝ պատրաստելով տիկնիկի ձեռքերը։
Տիկնիկի հագուստը կարելու նպատակով գործվածքի երկար եզրերից մեկը մշակել՝ ձևավորելով փեշը, ապա կարճ մասերն իրար միացնելով կարել՝ գործվածքին տալով գլանի տեսք։ Չմշակված եզրը մանր կարակութերով շուլալակարել, թելը թեթևակի ձգել ու պատրաստի շրջազգեստն ամրացնել տիկնիկի վզի հատվածում՝ կարելով հնարավորինս ամուր հաստ քուղի վրա՝ միաժամանակ ամրակարելով նաև ձեռքեր հանդիսացող բարակ քուղը։ Ուլունքի վրա նկարել տիկնիկի դեմքը։

Տիկնիկի ձեռքերը կարելի է թողնել առանձին, կարելի է նաև միացնել՝ դաստակի հատվածը հանգուցելով։
